Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ: Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 515-516 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ: Բարձր է նաեւ եվրոյի փոխարժեքը. ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առեւտրային բանկերում եվրոյի առքի առավելագույն գինը կազմում է 623-624 դրամ է, իսկ վաճառքինը՝ 634-638 դրամ: Այսինքն առքի ու վաճառքի միջեւ տարբերությունը կազմում է մինչեւ 15 դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տարադրամի փոխանակման կետերում պատկերն այլ է. այստեղ դոլարի առքի առավելագույնը գինը կազմում է 516-517 դրամ, վաճառքինը՝ 518 դրամ: Իսկ եվրոյի առքի գինը տարադրամի փոխանակման կետերում այսօրվա դրությամբ կազմում է 625 դրամ, վաճառքինը՝ 629 դրամ: Այսինքն երկու՝ եւ դոլարի եւ եվրոյի դեպքում էլ առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը չնչին է, իսկ բանկերի դեպքում զգալի: Օրինակ, «Հայբիզնեսբանկ»-ում եվրոյի առքը այսօրվա դրությամբ կազմել է 619 դրամ, իսկ վաճառքինը՝ 637 դրամ, տարբերությունը կազմել է 18 դրամ, «Արցախբանկ»-ում տարբերությունը 10 դրամ է. առքը՝ 624, վաճառքը՝ 634 դրամ: Հուսանք՝ բանկերը չեն փորձում իրավիճակն օգտագործել իրենց օգտին:
Եթե ուշադրություն դարձրել եք, այն ապահով շրջանում տարբերությունը 3-4 դրամ է եղել, հիմա մի քիչ շատ է, բնականաբար, պետք է Կենտրոնական բանկը դրա մասին մտածի, գուցե պետությունը բանկերին կոչով դիմի, որ բանկերն այստեղ ոչ թե եկամուտ, շահույթ լրացուցիչ կորզեն, այլ չնչին եկամուտով աշխատեն հանուն պետության, որովհետեւ պետությունն ու հանրությունն այս պահին աջակցության կարիք ունեն։ Բայց մյուս կողմից, Հայաստանում, դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ:
Ըստ մասնագետների՝ պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Ավելին, հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է. վերջին ամիսներին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: ArmLur.am-ը տարադրամի փոխանակման կետի աշխատողից հետաքրքրվեց քաղաքացիների շրջանում արհեստական խուճա՞պ կա, թե՞ ոչ:
Տեղեկացնենք, որ մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստումը եւ այդ հիվանդությամբ վարակված մարդկանց թվի նվազումը կարող է կենդանացնել աշխարհում տնտեսությունը։ Ինչը դրական կազդի նաեւ փոխարժեքի շուկայի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.