ԱԺ-ի լուծարման հնարավորություն, սահմանադրական փոփոխություն. ինչ է քննարկել «Իմ քայլը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ նշելով, որ խոսել են Սահմանադրական հնարավոր փոփոխությունների, ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակների մասին:

«Փետրվար ամսվա ընթացքում մենք նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ օրենսգրքի այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին: Երբ դեռ 1.5 տարի առաջ ծրագրում էինք ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետև ընտրակարգում կան դրույթներ, որոնք կարգավորված են Սահմանադրությամբ»,- ասաց Դանիելյանը:

Պատգամավորը նշեց՝ այսպիսով սահմանադրական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը, մեծ հաշվով, պատրաստ է: Եվ իրենք խմբակցությունում քննարկել են ԱԺ-ում որոշակի սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Նա շեշտեց, որ այդ փոփոխությունները բնականաբար պետք է լինեն ԱԺ-ի լիազորություններում: «Մի քանի տարբերակ ենք քննարկել, դեռ քննարկումները շարունակվում են»,-ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է իրենց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը՝ նա ասաց, որ նաև այդ մասին են խոսել: «Տարբեր գաղափարներ են, մեկ կետ չէ, բազմաթիվ կետեր են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված և այլն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրապարակել: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատրաստվում է խմբակցությանը ներկայացնել մի նախագիծ, ըստ որի իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը:




Լրահոս