ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի բյուջեի նախագծով սկզբնապես ծրագրվում էր ապահովել 1 տրիլիոն 607 մլրդ դրամի չափով եկամտային մասը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված՝ տվյալ ցուցանիշը վերանայվել է՝ հօգուտ իջեցման: Այս մասին լրագրողներին հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հարկային վարչարարության կազմակերպման, վերահսկման եւ մոնիթորինգի վարչության պետ Կարեն Թամազյանը: Նրա խոսքով՝ վերջնական ցուցանիշը սահմանվել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամի չափով: Այնուամենայնիվ, Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է վերակատարել ծրագիրն ու պետբյուջեն համալրել 1 տրիլիոն 385 մլրդ դրամով: «Այսինքն, մեզ հաջողվել է վերակատարել ցուցանիշները, որոնք նշված էին 2020 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր 59 մլրդ դրամի չափով»,-նշել է Թամազյանը:

 

Ընդ որում, պաշտոնյան հայտնել է, որ հայ հարկ վճարողներին վերադարձվել է գրեթե 138 մլրդ դրամ, որը եւս հավաքել է գերատեսչությունը: Այդպիսով, հարկային գերատեսչությանը հաջողվել է հավաքել 1 տրիլիոն 523 մլրդ դրամ։ Նրա խոսքով՝ նշված 1 տրիլիոն 385 միլիարդից 71,3 տոկոսը բաժին է ընկնում երկրի ամենախոշոր առաջին հազար հարկ վճարողներին: Փաստացի նրանց է բաժին ընկնում հարկային վճարումների առյուծի բաժինը:

Պաշտոնյան խոսել է նաեւ Հայաստանում աշխատատեղերի մասին՝ նշելով, որ միջին ամսական թվաքանակը 2020 թվականին կազմել է 609 հազար՝ 2019-ի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով:   Նա նախ հիշեցրել է, որ 2020 թվականի հունվար-մարտին աշխատատեղերի թվաքանակի (եկամուտ ապահոված աշխատատեղեր) աճն ակնառու էր՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ինչպես նաեւ նույն տարվա ամսական կտրվածքով: Այսինքն՝ փետրվարին աշխատատեղերն ավելի շատ էին, քան հունվարին, մարտին ավելի շատ էին, քան փետրվարին: «Անկումը հիմնականում նկատվեց ապրիլից սկսած՝ հայտնի սահմանափակումներով պայմանավորված: Համավարակի հետեւանքով որոշակի տնտեսական գործունեություններ սահմանափակվեցին:

Օրինակ` ապրիլին աշխատողների թվաքանակն արդեն իջել էր շուրջ 547 հազարի, երբ մարտին կար 620 հազար աշխատատեղ: Սակայն, տարեկան կտրվածքով, եթե նայենք միջին տարեկան վիճակագրությամբ, միջին ամսական թվաքանակը 2020-ին կազմել է շուրջ 609 հազար, իսկ 2019-ին՝ շուրջ 602 հազար, այսինքն՝ այնուամենայնիվ, 1.2 տոկոսային կետով 2020-ին աշխատատեղերի թվաքանակը բարձրացել է»,- ասել է նա:

Թամազյանի խոսքով՝ եթե 2018-2019 թվականներին ակտիվ վարչարարություն է իրականացվել աշխատատեղերի մասով, ապա 2020 թվականին խիստ վերահսկողություն չի կատարվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճակագրությունը ցույց է տվել, որ տնտեսավարող սուբյեկտները աշխատատեղերի մասով հարկային կարգապահությունը պահպանում են: Թամազյանն աշխատատեղերի բարձրացման տենդենցն ավելի շատ պայմանավորել է հենց հարկի վճարողների կարգապահությամբ: 2020 թվականի սեպտեմբերին հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներով՝ աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 632 հազար, որը վիճակագրական պատմության ամենաբարձր ցուցանիշն է:

Աշխատողների թվաքանակի բարձրացումն ակնհայտ է հիմնականում մանրամեծածախ առեւտրի, հանքարդյունաբերության, ՏՏ ոլորտներում: Նա աշխատողների չգրանցման մասով ավելի ռիսկային համարեց շրջհարկ վճարողներին։

 

 

 

ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿԻՐԸ

Հայաստանում մանրածախ առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16,6%-ով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար եւ, 2019-ի նույն ամիսների համեմատ, նվազել է 4,1%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է (ընթացիկ գներով եւ այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) 19 մլրդ 562,2 մլն ԱՄՆ դոլար եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,0%-ով։

Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի դեպքում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալը հաշվարկվել է ընթացիկ գներով եւ կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24 մլրդ 504,1 մլն ԱՄՆ դոլար եւ նվազել 5,0%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 3 մլրդ 609,6 մլն ԱՄՆ դոլար եւ 17,4% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 418 մլրդ 221,1 մլն ԱՄՆ դոլար եւ 4,1% նվազում։

 

 

 

ԿԱՊԻ ՀԱՍՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 129 մլրդ 753,6 մլն դրամ (ավելի քան 266 մլն 823,5 հազ. ԱՄՆ դոլար) եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4%-ով։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ռադիոծրագրերի կազմման եւ հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալը, 2019-ի առաջին տասնմեկ ամիսների համեմատ 7.4%-ով նվազելով, հասել է 2 մլրդ 139.8 մլն դրամի, հեռուստածրագրերի կազմման եւ հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 9.7%-ով եւ կազմել 9 մլրդ 776.2 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորոտում՝ նվազել 2.7%-ով եւ կազմել 117 մլրդ 837.6 մլն դրամ։

 

 

 

9 ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ՝ ԲԵՐԴԻՑ

Տավուշի մարզի Բերդ քաղաքը եւ տարածաշրջանի  15 գյուղերն ընդգրկող խոշոր Բերդ համայնքից այժմ անհետ կորած  է համարվում անցյալ տարվա աշնանը Արցախում  տեղի ունեցած պատերազմի 9 մասնակից։ Անհետ կորածներից 3-ը Բերդ քաղաքից են, 2-ական հոգի՝ Արծվաբերդ, Մովսես եւ Պառավաքար գյուղերից։ Անհետ կորածների հարազատները հույս են տածում, որ անհետ կորածները   կարող են  գերության մեջ լինել   Ադրբեջանում,  եւ մի օր կհաջողվի նրանց հայրենիք վերադարձնել։

 

 

 

ԳԱԶԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ

Վերջին շրջանում սննդամթերքի որոշ տեսակների թանկացման հետ հայաստանցիների  համար   տհաճ  նորություն  էր նաեւ ավտոմեքենաներին լիցքավորող գազի թանկացումը։ Ներկայումս Տավուշի մարզի ավտոգազալցավորման կայաններում  մեկ կիլոգրամ  մեթան գազի գինը 320 դրամ է։ Սակայն վարորդները կարծում են, որ իրականում լիցքավորվող գազն  ավելի թանկ է՝ մոտ 370 դրամ։ Վարորդները կարծում են, որ մարզի ավտոգազալցավորման կայաններում տեղադրված սարքավորումները սխալ  տվյալներ  են ցույց տալիս։  Միջին ծավալի գազի բալոնով ավտոմեքենան լիցքավորելու համար  վարորդները նախկինում  վճարում   էին մոտ 5 հազար դրամ, այժմ  հազար դրամով  ավելի՝ մոտ 6 հազար դրամ։

 

 

 

ԵՐԻՆՋ Է ԳՈՂԱՑԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  Բերդի նստավայրում ընթանում  է  Հայկ Ֆելիքսի Դովլաթբեկյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2020թ. դեկտեմբերի 12-ի  լույս 13-ի գիշերը Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի 4-րդ նրբանցքի 69-րդ տան բնակիչ Սամվել Մելիքսեթյանին պատկանող, Դիլիջան համայնքի Հովք բնակավայրի Գոշավան կայարանի մոտ գտնվող անասնագոմի մուտքի դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք  է  գործել  վերջինիս անասնագոմ, որտեղից հափշտակել  է  Սամվել Մելիքսեթյանին պատկանող զգալի չափերի՝ 240 հազար դրամ արժողությամբ  երինջը, որն  իր  «ՎԱԶ 2107»  մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել  է  Արարատի  մարզի Այնթապ գյուղ վաճառելու նպատակով։   Հայկ  Դովլաթբեկյանին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն  ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս