ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանի՝ աշխատանքի գալով ոչինչ չի փոխվել. քաղաքային իշխանությունը ձախողվել է. ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած 2021 թվականը նոր է մեկնարկել, սակայն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն արդեն տեսնում է խնդիրներ, որոնց բախվել է քաղաքային իշխանությունը եւ ձախողել: Որպես օրինակ նա բերեց ձնամաքրման աշխատանքները, ասելով, թե դրանք չեն կատարվել եւ, որին ականատես է եղել նաեւ հանրությունը: Միեւնույն ժամանակ ավագանու անդամը նկատեց՝ չնայած Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն աշխատանքի է, սակայն քաղաքային իշխանության աշխատանքում ոչինչ չի փոխվել:

Պարո՛ն Մանրիկյան, ինչպես է տարին մեկնարկել քաղաքային իշխանությունում, ինչ առաջնային անելիքներ կան եւ ինչպես առհասարակ կգնահատեք աշխատանքը:

-Տարին քաղաքային իշխանությունում մեկնարկել է գործադիր մարմնի ձախողմամբ: Առաջին իսկ խնդիրը, որը ծագեց, առատ ձյան տեղումների հետեւանքն էր եւ ինչպես մենք բոլորս ականատես եղանք, ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվել եւ փաստենք մի իրականություն, որ քաղաքը պատրաստ չէր ձյան: Մեկ շաբաթ է անցել, որ ձյան տեղումները եղել են, բայց մայթերին կամ առհասարակ փողոցներում եւ երթևեկելի հատվածում դեռ կարող ենք տեսնել սառույց եւ դա իրականություն է: Չենք կարող տարանջատել վարչական շրջանները, դա համատարած բնույթ է եւ այդ ձախողման պատասխանատուն միմիայն Երեւան քաղաքի գործադիր մարմինն է: Մեր խմբակցությունը դիտարկում է անցկացրել, որ առկա տեխնիկան բավարար չէ ձնամաքրման աշխատանքներ կատարելու համար: Նաեւ առկա են տեխնիկական խնդիրներ:

Հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդից հետո եկել է աշխատանքի: Ինչոր բան փոխվե՞լ է դրանից հետո:

Մինչ այսօր քաղաքապետարանի աշխատանքի մեջ առանձնահատուկ փոփոխություն չենք տեսնում: Խնդիրներն ինչպես եղել են, այնպես էլ մնացել են: Քաղաքապետարանն աշխատում է իներցիայով, ինչպես մեր երկիրն է այս օրերին աշխատում իներցիայով: Քաղաքապետարանն ունի իր բազում խնդիրները: Ես առանձնացրի ձնամաքրումը, սակայն շատ կարեւոր է նաեւ կանաչապատման հարցը: Երկու տարի է՝ բյուջեից մեծ գումարներ են հատկացվում օրինակ Սարալանջի կանաչապատման համար, սակայն ես երկու տարի է՝ բարձրաձայնում եմ, որ ոչինչ չի արվել: Զարգացման ծրագրից շեղում ունենք եւ այն չի կատարվում, տարբեր մեկնաբանություններ են անում, թե խնդիրներ են առկա: Նախորդ տարի էլ մեծ գումարներ տրամադրեցին, այս տարի էլ ավելի մեծ է տրամադրված գումարը: Այս տեմպերով եթե գնանք, Երեւանում ոչ թե զարգացում, այլ հետընթաց կունենանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս