ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռաբլուրն՝ այսօր. ինչ ունենք բանակի կազմավորումից 29 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական ազգային բանակի ստեղծման մասին:

Հայկական բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ը շրջադարձային եղավ Հայոց բանակի համար: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի 44-օրվա ընթացքում բանակը մինչեւ վերջին օրը կռվել ու պայքարել է թշնամու դեմ: Այսօր Եռաբլուրում այն հերոսների շիրիմներն են, ովքեր անձնուրաց պայքարեցին հանուն մեր Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների կայացման:

Այսօր գրեթե բոլորը միահամուռ Եռաբլուր էին «բարձրանում»՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր հերոսների առջեւ, Եռաբլուրն այսօր դարձել է այն վայրը, որտեղ բոլորս գլուխ ենք խոնարհում ու խոստանում այնպես անել, որ արժանի լինենք մեր հերոսների սխրագործություններին:

Բանակը ու պետությունը պետք է իր մեջքն ուղղի, առաջ շարժվի: Մեր այս հերոսները չեն պարտվել, նրանք հաղթել են, ու իրենց կյանքը զոհել հանուն այն հայրենիքի, որը պետք է կառուցել ավելի հզոր ու ավելի մարտունակ:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս