«Երկիրը այս վիճակից հանողները պետք է լինեն մտավորականները»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց գրականագետ Աբգար Ափինյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված քաոսային իրավիճակին:
«Մտավորականությունն այսօր շատ մեծ դեր ու խնդիր ունի լուծելու: Մենք, իհարկե, չենք խոսում, եւ չենք կարող խոսել տնտեսության զարգացման խնդիրների լուծման մասին, դրանք մեկ օրվա ու մեկ տարվա հարցեր չեն, բայց մենք կարող ենք գաղափարներ տալ մեր արդիականության համար: Եթե մինչեւ այսօր փոփոխություններ չլինեն, եթե կառավարությունը դավաճանեց ժողովրդին, Ազգային ժողովը դավաճանեց ժողովրդին, եւ հաղթանակած պատերազմի հայ զինվորից խլեցին հաղթանակը եւ ինչ-որ կապիտուլյացիոն ակտ ստորագրեցին եւ մատուցեցին աշխարհին՝ խայտառակելով մեզ: Այսօր սփյուռքի հայությունն ամաչում է փողոց դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում. դա այս ամենի հետեւանքն է, որ մենք պետք է արագորեն ազատվենք դավաճաններից: Պատճառն ի՞նչն է, որ մենք չենք ազատվում դավաճաներից. այն է, որ մենք չենք տվել այն գաղափարները, որոնք ուղղակի մասով փոփոխություններ պետք է առաջ բերեն մեր հասարակության մեջ: Դա պետք է անեն մտավորականությունը եւ արվեստի մարդիկ, այլ ոչ թե կուսակցությունները»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Գրականագետի խոսքով՝ այսօր իշխանության են մնացել այն մարդիկ, ովքեր հայ զինվորի ձեռքից խլեցին նրա հաղթանակը. «Ազգային ժողովում վերջին հարց ու պատասխանը ապշելու էր, թե ինչպես են մեր պատգամավորները հարգանքով խոսում վարչապետի հետ, հարցեր են տալիս, պատասխաններ լսում, եւ հենց այդ օրը տեղի ունեցավ Շուշիի մասին այդ սարսափազդու տեսարանը: Այս պայմաններում մտավորականությունը պետք է ասի, պահանջի, գաղափարներ հնչեցնի, որոնք ուղղակի չեն դարձնի դավաճանի ներկայությունը հայոց հողի վրա: Մենք պետք է սովորենք ոչ թե հարցեր տալ դավաճանին, այլ պահանջել նրա հեռացումը, ինչ էլ լինի, որտեղ էլ որ լինի: Մենք առաջիկայում պատրաստվում ենք վարչապետին հրավիրել մեզ հետ հանդիպման, եւ հավանաբար, նա չի գա, հաստատապես չի գա, քանի որ նա գիտի՝ եթե հայտնվեց մեր միջավայրում, շատ լավ գիտի, թե ինչ գնահատական պետք է ստանա: Ինչպես աշխարհում ընդունված է ասել, հոգին է որոշում ամեն բան: Հայ զինվորի 44-օրյա այս հաղթանակն ուղղակի նրա ձեռքից խլել են: Հայ զինվորը ինը պաշտպանականից ճեղքել է ընդամենը մեկը, որը հաղթանակ է: Մեր զինվորի հաղթանակը խլեցին նրա ձեռքից դավաճանները, եւ, ահա, այս գաղափարն է, որ պետք է տարածվի: Մեզ այսօր անընդհատ ներարկում են, որ Հայաստանն անզոր է, որ մենք բանակ չունենք, որ թուրքը հզոր է, եւ այս գաղափարի վրա է խարսխված դավաճանի իշխանությունը»:
Աբգար Ափինյանի դիտարկմամբ՝ մտավորականությունը պարտավոր է լինել Ազգային ժողովում:
«Խոսքն իմ մասին չէ, բայց երբ տեսնում ենք ուղղակի կենդանակերպ մարդկանց, անգրագետների, դատարկ մարդկանց Ազգային ժողովում, որտեղ պետք է հավաքված լիներ հայկական միտքն ու մտավորականությունը»,-հավելում է գրականագետը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ
L’Occitane ընկերության ամերիկյան ստորաբաժանումը դիմել է սնանկ ճանաչվելու համար։ Ապրանքանիշը ծրագրում է Միացյալ Նահանգներում փակել 166 խանութներից 23-ը։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ կարանտինից հետո L’Occitane-ին այդպես էլ չի հաջողվել մեծացնել առցանց վաճառքը։ Չի հաջողվել նաեւ համաձայնության գալ վարձակալների հետ եւ իջեցնել տարածքների վարձակալության արժեքը։
The Business of Fashion-ի հաղորդմամբ՝ բյութի ոլորտը համավարակը համառորեն է հաղթահարել։ Ֆինանսական դժվարությունների բախվել են միայն այն ապրանքանիշերը, որոնք միշտ շեշտադրում են կատարել բուտիկներում վաճառքի վրա (եւ չեն հասցրել կարգավորել կայքի աշխատանքը)։
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ
Ամերիկացի 21-ամյա հիփ-հոփ կատարող 6 Dogs-ը (իսկական ունունը՝ Չեյզ Ամիկ) ինքնասպանություն է գործել. հայտնում է Daily Mail-ը։
Ռեփերի մահվան մանրամասները չեն հաղորդվում։ Մահվանից մի քանի ամիս առաջ արտիստը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով՝ նշելով, որ հիվանդությունը թեթեւ է տանում։
6 Dogs-ը սկսել է հայտնիություն ձեռք բերել 2016թ.-ին SoundCloud ծառայությունում ներբեռնված երգերի շնորհիվ, երբ 17 տարեկան է եղել։ Նա իր երգերում խոսում էր թմրամիջոցների ու աղջիկների մասին, այդ կոմպոզիցիաների մասին իմացել է նրա մայրը, որն այդ պատճառով պատժել է արտիստին եւ որոշ ժամանակ նրան արգելել է փողոց դուրս գալ։
6 Dogs-ի գլխավոր հիթեր են դարձել այնպիսի երգեր, ինչպիսիք են «Flossing» եւ «Faygo Dreams»։ 2016թ.-ին «Flossing» երգի հիման վրա հրապարակված տեսահոլովակն ավելի քան յոթ մլն դիտում է հավաքել։
6 Dogs-ի վերջին նախագիծը՝ «Hi-Hats & Heartaches» սկավառակը, թողարկվել է 2019թ.-ի հոկտեմբերին։
2017թ.-ի նոյեմբերին հայտնի է դարձել ռեփեր Lil Peep-ի մահվան մասին։ Նա եւս 21 տարեկան է եղել։ Նա մահացել է կեղծ հանգստացնող միջոցի գերդոզավորումից։
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ԱՐՍԵՆԱԼ»-ՈՒՄ
Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»: Անգլիական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին: «Արսենալում» Էդեգորը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով: Ըստ պայմանագրի՝ «Արսենալը» չունի նորվեգացու տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն, իսկ վարձակալության համար կվճարի 2 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Էդեգորը վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ռեալ Սոսիեդադում»։ «Ռեալի» կազմում նա մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 7 հանդիպման:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Անտոն Բրատկովի հետ: 27-ամյա Բրատկովը Կիեւի «Դինամոյի» սան է։ Նախկինում նա հանդես է եկել ուկրաինական «Վերես Ռովնո», «Դեսնա», «Զիրկա», «Լվով», «Մետալիստ-1925» եւ իսրայելական «Մաքքաբի Պետա-Տիկուա» ակումբներում։ Ավելի վաղ «Փյունիկը» պայմանագիր էր կնքել նաեւ ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ, որի նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր։
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԻ ԳԱԼԻՍ
Մադրիդի «Ռեալը» թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ չի կարողանում փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Marca-ի համաձայն՝ իսպանացի պաշտպանը մերժել է Արքայական ակումբի առաջարկը: «Ռեալին» չի հաջողվել փոխհամաձայնության գալ նաեւ իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայի չեմպիոնն իսպանացի պաշտպանին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք, որ Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Նա անցած տասնամյակի գոլերի քանակով աշխարհի ամենաարդյունավետ պաշտպանն է:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԳՈՏՈՒՑ
Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հրաժարվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA International չեմպիոնական գոտուց:«Մենք ազատել ենք գոտին: Սկզբում մենք ցանկանում էինք պաշտպանել տիտղոսը, սակայն եղավ հեպատիտը, հետո՝ կորոնավիրուսը: Գումարած դրան՝ բաժանվեցինք Sparta Boxing Promotions-ից, եւ այդ պահին չկար մենամարտ անցկացնելու այլ կազմակերպիչ: Այդ պատճառով որոշեցինք թողնել գոտին»,- Կարեն Չուխաջյանի խոսքը մեջբերում է XSPORT-ը: