Չնայած 2021 թվականը նոր է մեկնարկել, սակայն Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն արդեն տեսնում է խնդիրներ, որոնց բախվել է քաղաքային իշխանությունը եւ ձախողել: Որպես օրինակ նա բերեց ձնամաքրման աշխատանքները՝ ասելով, թե դրանք չեն կատարվել, եւ դրան ականատես է եղել նաեւ հանրությունը: Միեւնույն ժամանակ ավագանու անդամը նկատեց՝ չնայած Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն աշխատանքի է, սակայն քաղաքային իշխանության աշխատանքում ոչինչ չի փոխվել:
-Պարո՛ն Մանրիկյան, ինչպե՞ս է տարին մեկնարկել քաղաքային իշխանությունում, ի՞նչ առաջնային անելիքներ կան, եւ ի՞նչպես, առհասարակ, կգնահատեք աշխատանքը:
-Տարին քաղաքային իշխանությունում մեկնարկել է գործադիր մարմնի ձախողմամբ: Առաջին իսկ խնդիրը, որը ծագեց, առատ ձյան տեղումների հետեւանքն էր, եւ ինչպես մենք բոլորս ականատես եղանք, ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվել, եւ փաստեց մի իրականություն, որ քաղաքը պատրաստ չէր ձյան: Մեկ շաբաթ է անցել, որ ձյան տեղումները եղել են, բայց մայթերին կամ, առհասարակ, փողոցներում եւ երթեւեկելի հատվածում դեռ կարող ենք տեսնել սառույց, եւ դա իրականություն է: Չենք կարող տարանջատել վարչական շրջանները, դա համատարած բնույթ է, եւ այդ ձախողման պատասխանատուն միմիայն Երեւան քաղաքի գործադիր մարմինն է: Մեր խմբակցությունը դիտարկում է անցկացրել, որ առկա տեխնիկան բավարար չէ ձնամաքրման աշխատանքներ կատարելու համար: Նաեւ առկա են տեխնիկական խնդիրներ:
-Հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդից հետո եկել է աշխատանքի: Ինչ-որ բան փոխվե՞լ է դրանից հետո:
-Մինչ այսօր քաղաքապետարանի աշխատանքի մեջ առանձնահատուկ փոփոխություն չենք տեսնում: Խնդիրներն ինչպես եղել են, այնպես էլ մնացել են: Քաղաքապետարանն աշխատում է իներցիայով, ինչպես մեր երկիրն է այս օրերին աշխատում իներցիայով: Քաղաքապետարանն ունի իր բազում խնդիրները: Ես առանձնացրեցի ձնամաքրումը, սակայն շատ կարեւոր է նաեւ կանաչապատման հարցը: Երկու տարի է՝ բյուջեից մեծ գումարներ են հատկացվում, օրինակ, Սարալանջի կանաչապատման համար, սակայն ես, երկու տարի է, բարձրացնում եմ, որ ոչինչ չի արվել: Զարգացման ծրագրից շեղում ունենք, եւ այն չի կատարվում, տարբեր մեկնաբանություններ են անում, թե խնդիրներ են առկա: Նախորդ տարի էլ մեծ գումարներ տրամադրեցին, այս տարի է՛լ ավելի մեծ է տրամադրված գումարը: Այս տեմպերով եթե գնանք, Երեւանը ոչ թե զարգացում, այլ հետընթաց կունենա: Ես կանաչապատման առումով նախորդ տարի ոչ մի դրական բան չեմ տեսել: Մեկ ամիս անց մենք կունենանք բյուջեի կատարողականը, բայց ես արդեն կարող եմ խոսել ձախողման մասին եւ ասել, որ կան բաներ, որոնք չեն կատարվել: Սակայն նկատենք, որ քաղաքային իշխանությունը դրա համար կմեղադրի, օրինակ, կորոնավիրուսի համավարակը, ապա պատերազմը, իսկ այս տարի էլ կմեղադրի, օրինակ, ընդդիմությանը: Յուրաքանչյուրս էլ սխալվում ենք, բայց արդարացի կլինի, որ մեր սխալների վրա սովորենք եւ շարժվենք առաջ: Պետք է մի փոքր ականջալուր լինեն ընդդիմությանը, սակայն, դրա փոխարեն, տեսնում ենք, որ մեզ մեղադրում են պոպուլիստական հայտարարություններ անելու մեջ: Դա վերաբերում է նաեւ կառավարությանը, ոչ թե միայն քաղաքապետարանին:
-Փետրվարին տեղի կունենա Երեւանի ավագանու առաջին նիստը: Ինչպե՞ս եք պատրաստվում, ի՞նչ առաջնահերթ հարցեր կառանձնացնեք:
-Դեռ մեզ օրակարգը չեն տվել, մենք ներկա պահին օրակարգ չունենք: Կարծում եմ՝ երկուշաբթի օրը արդեն կտան օրակարգը, եւ կսկսվեն հանձնաժողովների նիստերը: Սակայն մինչ այս պահը մենք օրակարգ չունենք, չգիտենք, թե երբ է լինելու հանձնաժողովի նիստ, սպասողական վիճակ է: Ընթացակարգը դեռ պահում են, եւ ժամկետների մեջ շեղումներ չկան, սակայն գեթ մեկ հարց էլ չկա, որ իմանանք, թե ինչ հարցի շուրջ են լինելու քննարկումները:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
«30 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՄԵՆՔ ՀԱՎԱՏ ԿՈՐՑՐԻՆՔ»
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ներկա իշխանությունը հրաժարական կտա, որից հետո կստեղծվի ազգային փրկության կոմիտե, որը կտանի նոր ընտրությունների»,- հունվարի 28-ին՝ Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ, ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը։
Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններ լինելու դեպքում մասնակցելու է, նրա շուրջ կհամախմբվեն արդյոք, Հրանտ Թոխատյանն ասաց.
«Ռոբերտ Քոչարյանը մեծ փորձ ունի, իր՝ նախագահ լինելու տարիներին տնտեսական աճ է նկատվել, որից հետո, բնականաբար, մեծ բացթողումներ է ունեցել, երեւի դրա համար էլ այսօր մենք ունենք այն իշխանությունը, որն ունենք։ Ու այդ բացթողումները եղել են եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ, եւ՛ երրորդ նախագահների կողմից, ինչն այդքան էլ ճիշտ չէ, այսօր փողոց դուրս գալը կապված է հենց դրա հետ, 30 տարվա մեջ մենք հավատ կորցրեցինք»։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատը, կիսում է արդյոք այդ կարծիքը, դերասանն ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա այո։
«Գիտեք, եթե ամեն մի քայլ անելու համար պետք է զանգենք եւ խորհրդակցենք, բնականաբար, երեւի թե ճիշտ է»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում «Հայրենքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե Սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, ապա կդիմեն ապստամբության, Թոխատյանն ասաց, որ եթե խոսքը զինված տարբերակով ապսատաբության մասին է, ապա ինքը կողմնակից չէ այդ տարբերակին։ Լրագրողների դիտարկմանը, թե խոսքը զինված գործողությունների մասին չէ, այլ շենքեր գրավելու, դերասանն ասաց.
«Այն, որ պետք է լինեն գործողություններ, ես դրան կողմնակից եմ, որովհետեւ մենք հենց նոր խոսում էինք այն մասին, որ նախորդ շարժումը մարեց, երեւի նրանից էր, որ հավաքվում էինք, լսում էինք ինչ-որ բաներ, որի մասին բոլորս գիտեինք, եւ հետո երթի էինք գնում, ապա տներով. դա էլ ձեւ չի»։
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԵՐ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը՝ ընդգծելով մարդասիրական ծրագրերի իրականացման առաջնահերթությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է տուժածներին եւ կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի համապատասխան ջանքերից եւ այլ երկրների, առաջին հերթին՝ մեր երկրի օգնությունից բացի, օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղում եւ նրա հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված գործակալություններին, ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է գտնվում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ եւ շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ գնահատման համալիր առաքելության ուղարկման հարցերը»,- ասել է Զախարովան: Նա ընդգծել է Ադրբեջանում եւ Հայաստանում ՄԱԿ-ի թիմերի ջանքերը եւ աջակցություն հայտնել ՄԱԿ-ի փոխգործակցությանը Բաքվի եւ Երեւանի հետ հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով:
«Ռուսաստանն իր հերթին զգալի ներդրում է անում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարելավման համար՝ ռուս մասնագետների եւ խաղաղապահների աջակցությամբ: Նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 51 000 փախստականներ: Ականազերծվել է ավելի քան 705 հեկտար տարածք եւ ավելի քան 230 կմ ճանապարհ, վնասազերծվել է մոտ 24 000 պայթյունավտանգ առարկա: Ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Մոտ 1300 բնակիչ բուժօգնություն է ստացել»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ն. Փաշինյանը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում՝ ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության եւ արտահայտում է Ֆրանսիայի եւ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, եւ շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարեւոր է առկա մարտահրավերներին դիմակայելու եւ նաեւ ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով»: