ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երեւանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

 

Անդրադարձ է կատարվել սանիտարական եւ համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` թեեւ վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը եւ պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը՝ պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարեւորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետեւողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։

Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձրացրել է նաեւ նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով։ Ներկայումս մանկապարտեզներ են հաճախում միայն 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, եւ նրանք չունեն խնամող:

Աշխատանքի վերադառնալ ցանկացող եւ այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է եւ ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն: Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես, նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։

 

 

 

 

242 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 242 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 669-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3067 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունվարի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 762 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3829-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 053, փաստացի բուժվողներինը՝ 6 195 (մեկ օրում նվազել է 362-ով): Մեկ օրում արվել է 1980 թեստ, ընդհանուր առմամբ առայսօր արվել է 643 606 թեստավորում:




Լրահոս