ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԲԱՆԱԿԻ 29-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն էր: Չնայած 2020 թվականը հայ ժողովրդի համար կորուստներով եւ բազում արհավիրքներով լի տարի էր, այնուամենայնիվ մենք հպարտ եւ միշտ պարտական ենք մեր զինվորներին, սպաներին: Ոչ մեկը եւ ոչինչ չի կարող ծնկի բերել մեր բազկի ուժը, մեր բանակը մեր կայունության խորհրդանիշն ու ողնաշարն է, որը դեռ պետք է է՛լ ավելի ամրանա եւ հզորանա տարածաշրջանում՝ ի ցույց դնելով հայի ուժն ու ոգին, ինչպես եղել է դարեր ի վեր:

 

Հայոց բանակի օրվա առթիվ  «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է մշակութային գործիչներին եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր պատերազմի օրերին անմասն չեն մնացել եւ լծվել են հայրենիքի պաշտպանման սուրբ գործին: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներկայացնել, թե ով ինչ մաղթանք է հղել հայ զինվորին:

Դերասան Սարգիս Գրիգորյանն «Ինստագրամ»-ի իր էջի Սթորի բաժնում գրառում է արել Արցախի պատերազմում զոհված մնջախաղաց, պարող Հովհաննես Հաջինյանի մասին:

«Հովոս, տոնդ շնորհավոր: Կռվեցիր ու անմահացար:

Շնորհավոր նաեւ բոլոր բանակայիններին: Համոզված եմ, որ լավ է լինելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հաջինյանը զոհվել է արցախյան պատերազմում թեժ մարտերից մեկի ընթացքում : Հովհաննեսը 39 տարեկան էր:

Իսկ դերասանուհի Անի Խաչիկյանը, անդրադառնալով բանակի կազմավորման  29-րդ տարեդարձին, գրել է.

«Շատ դժվար է ամենակարեւորի մասին գրառում անելը, որ բառերով չարժեզրկվի…

Իմ հանունները էլ վերացական չեն, դուք եք, մսից ու արյունից…հողի տակ, թե կանգնած, կորած, թե հետ եկած… ու դուք բանակ ու հայրենիք չեք ուղղակի, դուք ՄԱՐԴ եք, էն մարդը, որը ամենամեծ ու ծանր հարվածը ստացավ ու ամենաքիչը խոսեց էտ մասին…»:

Երգիչ Ավո Ադամյանը բանակին նվիրված գրել է.

«Իմ հզո՛ր բանակ,

Իմ անպա՛րտ բանակ,

կգա են օրը, որ ծունկի կգան քո առաջ…»:

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, շնորհավորելով բանակի 29-րդ տարեդարձը, գրել է, որ դավաճանները դժոխքից չեն կարողանալու փախչել. «Շնորհավո՛ր: Կներեք, տղե՛րք, դավաճանների համար դժոխքում տեղը պահած է, ու այնտեղից փախչելու տեղ չկա, հավիտենական է լինելու տանջանքը…»:

Երգիչ Վարդան  Բադալյանը, որը մասնակցել էր պատերազմին, շնորհավորելով բանակի տոնը, գրել է. «Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ։ Տերն ենք ու ծառան թե՛ քո հաղթանակի, թե՛ քո պարտության։ Հավերժ փա՛ռք մեր քաջերին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում հայրենիքի փրկության գործին էին լծվել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք են Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Հրանտ Թոխատյանը, Բաբկեն Չոբանյանը, դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի եղբայրը՝ Վահան Թովմասյանը, դերասաններ Հայկ Չոմոյանը, Գնել Սարգսյանը եւ ուրիշներ:

 ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

«ՔԱԼԱՇՅԱՆ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՀՈԼՈՎԱԿ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը երաժշտասերներին է ներկայացրել «Անտունի» տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին եւ հերոս, ապրելու համար կյանք տված ու մեր կողքին ապրող հայ զինվորին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել է ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:

«Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն այս դժվար օրերին: Մշակութային գործիչներն իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որպեսզի հնարավոր լինի շարունակել նոր կետից»,- նշում է Ասատուր Քալաշյանը:

«Անտունի»-ի երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիեւինն է, դաշնակահարն է Հայկ Մելիքյանը, բեմադրող-օպերատորը՝ Արթուր Օրդոյանը: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեի հեղինակը Ասատուր Քալաշյանն է:

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ եւ մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:

 

 

 

ԱՌՆՎԱԶՆ 15 ԳՈԼ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 15-րդ մրցաշրջանում անընդմեջ ակումբային մրցաշարերում կատալոնական թիմի կազմում խփում է առնվազն 15 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում իր 15-րդ գոլն արգենտինացի ֆուտբոլիստը խփել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում, «Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել է «Ռայո Վալիեկանոյին»։ 33-ամյա ֆուտբոլիստը սահմանել է նաեւ ակումբային ռեկորդ։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում նա մասնակցել է 76 հանդիպման՝ գերազանցելով Ժոզեպ Սամիտիերի ռեկորդը՝ 75 հանդիպում։ Հաջորդ տեղերում են Անդրես Ինիեստան (73), Վիսենտե Պիերը (71) եւ Չավին (70)։

 

 

 

ՀԱՐԳՈՒՄ Է

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումից առաջ լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչ գերմանացի Յուրգեն Կլոպի հետ իր հարաբերությունների մասին։ «Ես Յուրգեն Կլոպի ընկերը չեմ, քանի որ երբեք նրա հետ ժամանակ չեմ անցկացրել։ Երբ լավ ես ճանաչում մարդուն, կարող ես ասել. «Ես հավանում են նրան, նա իմ ընկերն է» կամ «Ես նրան չեմ հավանում, նա իմ ընկերը չէ»։ Յուրգենի դեպքում խոսքը հնադիպումից առաջ եւ հետո 5 րոպե զրույցի մասին է։ Նրա մասին կարող եմ ասել, որ նա իմ գործընկերն է, որին ես հարգում եմ։ Նրա հետ ես ոչ մի խնդիր չունեմ։ Կարծում եմ՝ նա նույնկերպ է մտածում իմ մասին։ Ոչ մի խնդիր չունենք»,-ասել է Մոուրինյոն:

 

 

 

1:3 ՀԱՇՎՈՎ

Իսպանիայում այս օրերին ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Ռոստով»-ն ընկերական հանդիպում անցկացրեց «Մարբելիա»-ի հետ: Ուսումնամարզական հավաքի երրորդ ընկերական խաղում «Ռոստով»-ը մրցեց իսպանական «Մարբելիա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով՝ ի օգուտ «Ռոստով»-ի: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Սա «Ռոստով»-ի վերջին ստուգողական հանդիպումն է ուսումնամարզական հավաքի շրջանակներում:

 

 




Լրահոս