ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 26-ամյա Շանթ Աբրահամյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երեւան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ձորակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարը՝ shamsyan.com-ի

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ դեպքում կարող է 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն օգտվել ուսման վարձի զեղչից:

Անի Գրիգորյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` հաշմանդամություն ունեցող անձանց վերափորձաքննությունը երբ է իրականացվում: Հաշմանդամը ե՞րբ պետք է դիմի վերափորձաքննություն անցնելու համար:

Մարինե Հարությունյան (49 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Հայաստանի Հանրապետության  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

 

 




Լրահոս