«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` թողարկման տվյալները ներկայացնելու պահանջ է դրվելու նաև ինտերնետային ԶԼՄ-ների առջև, ըստ որի՝ վերջիններս իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն։
Առաջարկվում է ԶԼՄ օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Վերջինս բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Մյուս նոր հասկացությունը կառավարման վրա ազդեցություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ(ինք) են:
Ըստ հեղինակների` հաշվի առնելով համացանցին հանրության լայն շրջանակների հասանելիությունը, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացումը և դրանց անվերահսկելությունը՝ տեղեկատվություն սպառողների համար առաջանում են ռիսկեր: Ուստի իրենք առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են (բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի՝ մասնավորապես, եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին):
Ըստ հեղինակների համոզման` առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, և իրենք կրեն պատասխանատվություն իրենց տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաև տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջև:
Նախագծի հեղինակներն են Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը: