ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՆ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ         

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մատակարար ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել, ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, «ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ», ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:

 

«Այնուհետեւ, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից՝ Ա. Բ.-ն եւ Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու եւ դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը եւ այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին եւ ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետեւաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, այդկերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը», – մանրամասնել է Ազգային անվտանգության ծառայությունը: Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ընկերության տնօրենին, եւ դարձյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», -փոխանցում է ԱԱԾ-ն։

Ըստ նույն աղբյուրի՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաեւ Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ Պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դ.Գ.-ն Mosston Engineering ընկերության ղեկավար ու բաժնետեր Դավիթ Գալստյանն է՝ հայտնի որպես Պատրոն Դավո։

 

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ           

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձեւավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի եւ այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:

 

Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանի տեղեկանքում նշվում էր, որ Մեղրիի եւ Կարյագինոյի (Ջաբրայիլ) հետ կապված՝ սահմանից արեւմուտք ընկնող տարածքները հիմնականում ձմեռային արոտատեղեր էին, որոնք փաստացի օգտագործում էին Կապանի եւ Մեղրիի շրջանների՝ խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Գլխավոր պատճառներից էր բերվում այն, որ, առանց այդ արոտատեղերի, նշված շրջանների գյուղերի անասնապահությունը կաթվածահար կլիներ:

Մեկ այլ դեպքում Զանգեզուրի եւ Քուրդիստանի գավառների միջեւ սահմանների գծման տեղական հանձնաժողովի ղեկավար Յա. Կոչետկովն, օրինակ, Թղութ գյուղին վերաբերող ադրբեջանական առաջարկների չհամաձայնելու հիմքում էր դրել այն, որ դա Շվանիձորի թաղամասերից մեկն է, եւ այդտեղի հողերը (այգիներն ու արոտավայրերը) իրար այնպես են կցված, որ այդ գյուղերը մեկը մյուսից բաժանելն անհնար է լինելու:

Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաեւ Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջեւ:

Սահմանային վեճերը լուծող ՀՍԽՀ տեղական ու հատկապես Անդրդաշնության կենտրոնական հանձնաժողովային 1924թ., 1926թ., 1929թ., 1935թ. եւ մյուս տարիների աշխատանքների նյութերից երեւում է, որ ՀՍԽՀ գյուղացիների իրավունքները մշտապես թերի են քննարկվել. օրինակ՝ անտեսվել են Զանգեզուրի սակավահողությունը եւ գյուղերի միջեւ կապերը (վարչական, տնտեսական եւ այլն), հաշվի չի առնվել այն, թե ինչ դժվարություններ կարող էին առաջ գալ գյուղերի բնակիչների իրավունքների համար:

Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին (Քուրդիստանի տարածքից հայկական գյուղերի վրա տարբեր ավազակախմբերի հարձակումներին, գողություններին եւ այլն), որն էլ ուղիղ ազդել է գյուղացիների կողմից արոտատեղերի եւ մյուս հողերի օգտագործման վրա (օրինակ՝ երբ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929թ. փետրվարի որոշմամբ Կապանի շրջակայքի` Ողջի եւ Բասուտ գետերի ավազանի 21 գյուղերը հանձնվեցին Ադրբեջանի Ջաբրայիլ գավառին):

Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում»:

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման եւ իրացման շղթան: Քննությամբ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին օժանդակել  է արտերկրում բնակվող 36-ամյա իր ծանոթին իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «Ափիոն», «Հերոին» եւ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերել: Մասնավորապես՝  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 36-ամյա տղամարդը, ունենալով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու իրական հնարավորություն, նպատակադրվել է Երեւան քաղաքում բնակվող իր ծանոթի օժանդակությամբ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես ստանալով Երեւանի 46-ամյա բնակչի համաձայնությունը, հավաքագրել է վերջինիս:

2020 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով 46-ամյա տղամարդը Սյունիքի մարզում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը  հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների այլ խմբաքանակներ եւս, մասնավորապես՝ 2878 գրամ «Ափիոն», 995 գրամ «Մեթամֆետամին», 751 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, մեկ այլ խուզարկությամբ էլ՝ 2888 գրամ «Ափիոն», եւս մեկ խուզարկությամբ էլ՝ 110 գրամ ացետիլացված «Ափիոն»: 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, ինչպես նաեւ քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

 




Լրահոս