ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես՝ երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով: Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաեւ համապատասխան կրթական ծառայության  հասանելիությունը:

 

Նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է, ուստի այդ համայնքներում դասական մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ: Խնդրի լուծման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փոքրաթիվ երեխաներ ունեցող համայնքներում նախատեսում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովումն իրականացվելու է պետական դրամաշնորհի միջոցով: Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների դրամաշնորհային ծրագրի մրցույթը նախատեսվում է անցկացնել առաջիկայում: Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող  8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Առաջարկվող տիպային մոդելները տարբեր են. օրինակ՝ նախադպրոցական ծառայությունը կարող է կազմակերպվել տվյալ համայնքի դպրոցում կամ  համայնքային որեւէ կառույցի տարածքում: Կարող է այդպիսի ծառայություն մատուցվել նաեւ համապատասխան պայմաններ ունեցող անհատական բնակելի տանը: Ըստ տիպային մոդելների` առաջարկվում է նաեւ շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն:

Առաջնային խնդիրը նախադպրոցական հաստատությունների համար սահմանված նորմատիվ պահանջների ապահովումն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` 2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքից զարգացման եւ կարողությունների ընդլայնման հնարավորություն ունենալուն: Դրամաշնորհային մրցույթի կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որ հետագայում համայնքները պահպանեն ստեղծված ենթակառուցվածքները` ապահովելով նախադպրոցական ծառայությունների շարունակություն: Բոլոր պահանջներն ու պայմանները մանրամասն կներկայացվեն դրամաշնորհի մրցույթի կարգում:

Նշենք, որ ներկայումս, համավարակով պայմանավորված,  նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սահմանափակված է. մանկապարտեզներում նոր ընդունելություն առայժմ չի կատարվում: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով քննարկումներ են ընթանում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Առողջապահության եւ Տարածքային կառավարման նախարարությունների միջեւ: Ծառայությունների ընդլայնման վերաբերյալ քննարկվում են որոշ տարբերակներ, որոնց մասին կիրազեկվի վերջնական որոշման կայացումից հետո:

 

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ

Արցախի կառավարությունն ու օրենսդիր իշխանությունը հետամուտ կլինեն հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկին տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների ընդունմանը: Այս մասին նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ կատարած այցելության արդյունքների ամփոփման ժամանակ: Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումների  ընթացքում անդրադարձ է եղել օրենսդրական լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝  հողի եւ գույքի հարկերին վերաբերող հարցերին: «Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից կներկայացվի Արցախի Հանրապետության  կառավարությանը համապատասխան որոշումներ ընդունելու համար»,- հավաստիացրել է Թովմասյանը:  Հայաստանում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքերը եւ արդրադարձել շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:  Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին ու շտաբի հետագա կարգավիճակին:

 

 

 

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈԽԵԼ ԵՆ

Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որը Գիտությունների ազգային ակադեմիա ունի: ԳԱԱ գործառույթներից մեկը պետք է դառնա ինստիտուցիոնալ եւ գիտական զարգացումը: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշել է Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցության եւ անմիջական դերի կարեւորությունը. «Կարծում եմ, որ այս համատեքստում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ներուժն անփոխարինելի է` գիտական մտքի եւ մեր հետագա գործողությունների համակարգման առումով: Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայիս կառավարության որոշ ներկայացուցիչներ ԳԱԱ ղեկավարությանը մեղադրում էին չափազանց պասիվ լինելու մեջ, նույնիսկ առաջարկներ կային Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման մասին: Նման պահանջներ մեծամասամբ հնչեցվում էին գործող իշխանությունների կողմնակիցներների` տարբեր արեւմտամետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

 

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի եւ անձրեւի տեսքով: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԹՎԵՐ

Հայաստանում փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 088 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 649 993, վերջին մեկ օրում` 1473 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5435 պացիենտ. մեկ օրում նվազել է 223-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 157 800 անձ, վերջին մեկ օրում՝ 281 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3084 է: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 309 թեստավորում:

 

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ 1345 ԱՃՅՈՒՆ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փոխանցմամբ՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքները  շարունակվում են Հադրութի եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

 

 

 

ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնում Վրաստան մուտք գործելու նոր կանոնները։ Ըստ այդմ՝ օտարերկրյա քաղաքացիները ազատ կարող են մուտք գործել երկիր՝ ներկայացնելով covid-19-ի դեմ պատվաստված լինելու մասին հավաստագիր։ Ընդ որում, անձը պետք է ընդունած լինի պատվաստանյութի 2 ամբողջական չափաբաժին։ Չպատվաստված այցելուները չեն ենթարկվի ինքնամեկուսացման, եթե նրանք ԵՄ-ի, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի քաղաքացի կամ ռեզիդենտ են։ Վրաստան մուտք գործելիս (ներառյալ տարանցման դեպքում) նրանք պետք է ներկայացնեն ժամանելուց առաջ՝ 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ տեստի բացասական պատասխան եւ տեստավորվեն երկրորդ անգամ ժամանելուց հետո՝ երրորդ օրը (իրենց հաշվին)։

 

 




Լրահոս