Առաջիկայում նոր կոմիտե կստեղծվի. հուսանք՝ Տաթևիկ Ռևազյանը չի ձախողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկայում կստեղծվի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, ապա կհաստատվի դրա կանոնադրությունը: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը:

Եթե հաստատվի ազգային կոմիտե ստեղծելու որոշումը, ապա նախարարության հաջորդ քայլը կլինի վարչապետի աշխատակազմ ներկայացնել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու, կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ի դեպ, քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարն ի պաշտոնե հանդիսանում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:

Հուսանք՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այս անգամ չի ձախողի: Կհիշեք դեռեւս 2018 թվականին, թավշյա հեղափոխությունից հետո աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որը կոչված էր ուսումնասիրելու հայկական ավիացիայի ոլորտի խնդիրները: Այդ խմբի վերին օղակներում էր Տաթեւիկ Ռեւազյանը: Ձեւավորված խումբը, սակայն որեւէ գործունեություն չիրականացրեց, ինչպես ստեղծվեց այդպես էլ լուծարվեց՝ օգուտ չտալով ավիացիոն ոլորտին:

Ս.Հ.




Լրահոս