ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սիրուն աղջիկը» միայն Պետրոս Ղազարյանին է հասանելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար «սիրուն աղջիկը», պարզվում է` խոսել ու հարցերի պատասխանել գիտի, հարցազրույցներ է տալիս ու հասանալի է, բայց միայն Պետրոս Ղազարյանի համար: ArmLur.am-ը երեկ ամբողջ օրը նրանից կամ նրա ղեկավարած կառույցից որևէ մեկից ընդամենը մեկ հարցի պատասխան էր ուզում ստանալ: Մի ամբողջ օր կոմիտեի ամենատարբեր պաշտոնյաներից, որոնց հետ հաջողվեց կապ հաստատել, չկարողացանք մեր հարցի հերքումը կամ հաստատումը ստանալ: Իսկ հարցն այն մասին էր, թե Հայաստանի օդային ուղիներից օգտվելու համար ադրբեջանական կողմը Հայաստանին, ըստ ենթադրելի կարգի, գումար փոխանցե՞լ է, թե՞ ոչ:

44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանա-թուրքական զինատեսակները տեղատարափ անձրևի պես էին մեր գլխին թափվում, «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը սիրահոժար կերպով է ընդունում ադրբեջանական օդանավն ու նրան ճանապարհ տալիս: Արդարացումը, թե ադրբեջանական օդանավերը տարիներ առաջ էլ են հատել Հայաստանի օդային տարածքը, հետպետազմական երկրում ուղղակի տանելի ու ընկալելի չէ: Տնտեսական առումով գուցե լավ է, որ Ադրբեջանը Հայաստանի բյուջե փող է ուղղում, բարոյահոգեբանական տեսանկյունից սակայն միջադեպը վիրավորական ու սահմռկեցուցիչ է: Ստացվում է՝ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո ադրբեջանական զինուժի ու քաղավիացիայի դիմաց հայոց երկինքն անպաշտպան է:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ընդհատակ անցնելուն ու մեկ էլ հանկարծ Հանրային հեռուստաընկերությունում հայտնվելուն, ապա նրան մի փոքրիկ «սպռավոչկա տանք»: Պետական բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ Ռևազյանն ու յուր մամուլի քարտուղարը, աշխատավարձ են ստանում մեր բոլորի, ոչ թե միայն Պետրոս Ղազարյանի վճարած հարկերից: Այնպես որ՝ միայն Ղազարյանին հասանելի լինելը ոչ այլ ինչ է, քան իշխանության վերին էշելոնների հրահանգով հարցազրույցի գնալ: Տհաճ ու քստմնելի իրավիճակում չհայտվելու համար տիկին Ռևազյանին հոդորում ենք. կա՛մ ուղղակի շարունակել ընդհատակում մնալ ու ոչինչ չանելու համար աշխատավարձ ստանալ, կամ միայն մեկ անձի հասանելի չլինել:

Սևակ Վարդումյան




Լրահոս