ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՎՐԱՆԱՅԻՆ ԱՎԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը երեկվանից սկսեց շուրջօրյա հանրահավաքները: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսը հարկադրված է ավելացնել ճնշումները, նաեւ ասաց, որ քաղաքական պայքարի զինանոցը բավական մեծ է՝ սկսած երթերից ու ցույցերից, վերջացրած շուրջօրյա հանրահավաքներով: Լսելով շուրջօրյա հանրահավաքների մասին՝ բոլորը սկսեցին վանկարկել «հիմա-հիմա»: Կոնգրեսի ղեկավարությանն այդքանից հետո այլ բան չէր մնում, քան ընդառաջել ժողովրդի ցանկությանը: Մանավանդ, որ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացել էր, որ Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու, եւ այդ պնդման հավաստիացումը կլինի սեպտեմբերի 30-ի միտինգում:Հանրահավաքը, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին ամիսներին տեղի ունեցածների մեջ ամենամարդաշատն էր: Եվ սա այն դեպքում, որ կրկին իշխանությունները, մասնավորապես ոստիկանությունն ամեն ինչ արել էին մարզերից մարդկանց Երեւան տեղափոխումը խոչընդոտելու համար (նրանք սպառնացել էին հիմնականում ուղեւորափոխադրող մեքենաների վարորդներին՝ հաշվեհարդար տեսնել): Երեկվա հանրահավաքը տարբերվում էր ժողովրդի տրամադրություններով ու մեծ էներգետիկայով: Շուրջօրյա հանրահավաքների նախնական ժամկետ է սահմանված մեկ շաբաթը, այսինքն՝ մինչեւ հաջորդ ուրբաթ: Սակայն չի բացառվում, որ ժամկետները երկարաձգվեն: Մինչ այդ, Կոնգրեսն իշխանություններից պահանջում է նախորդ հանրահավաքում հնչեցրած 8 պահանջների կատարումը: Կոնգրեսի այս որոշումն ընդունվեց մեծ ցնծությամբ: Քիչ անց արդեն Ազատության հրապարակում սկսեցին տեղադրել վրանները: Մարդկանց ոգեւորությունն աննկարագրելի էր: Չնայած ցուրտ եղանակին, բավական շատ մարդ մնաց հրապարակում: Մի մասն էլ շապեց տուն՝ տաք հագուստներ բերելու ե՛ւ իր, ե՛ւ հրապարակում գիշերողների համար: Ուշագրավ էր այն փաստը, որ հանրահավաքին զուգահեռ՝ Հյուսիսային պողոտայում համերգ էր կազմակերպված (համերգի մակարդակը` լուսանկարում): Եվ շուրջօրյա հանրահավաքների մասին որոշումը լսելուց հետո ոստիկանությունը Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող հատվածը պատնեշեց. «Ոստիկանները մտավախություն ունեն, որ համերգի մասնակից երիտասարդները կմիանան մեզ: Բայց մենք հո գիտենք, որ այդ երիտասարդները ճանապարհ կգտնեն մեզ միանալու»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ի դեպ, հանրահավաքին երեկ ելույթները քիչ էին՝ Նիկոլ Փաշինյանը վարում էր միտինգը, ելույթ ունեցան Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:Արամ Մանուկյանն այս անգամ խոսափողին մոտեցավ մի քանի տոպրակով. դրանցում կրկին կոալիցիոն կուսակցությունների անդամների տոմսերն էին, որոնք մարդիկ հանձնել են Կոնգրեսի գրասենյակ: Ըստ Մանուկյանի՝ այդ անդամատոմսերը միասին ավելի քան 7 կգ են կշռում: Ըստ նրա՝ այդ տոմսերը նոր են հանձնված, եւ իրականությանը չեն համապատասխանում ՀՀԿ-ի ներկայացուցիչների այն խոսքերը, թե դրանք 2008թ. փետրվարին հանձնված տոմսերն են: Մանուկյանի խոսքերով՝ գողացել են գրասենյակից եւ այժմ ԿԳԲ-ում են: Կոնգրեսը ոչնչացրեց այդ կուսակցական տոմսերը՝ պահպանելով այդ անձանց գաղտնիությունը: «Սա իշխանությունների ցանածն է, որ ահաբեկությամբ մարդկանց մտցրել են կուսակցություններ»,-ասաց Մանուկյանը: Լ.Զուրաբյանը նշեց, որ եկել է պատմական պահը, երբ պետք է իրագործվի Կոնգրեսի ճանապարհային քարտեզի վերջին եւ միգուցե ամենակարեւոր հատվածը: «Մենք շատ ենք սպասել այս պատմական պահին: Սպասել ենք, որովհետեւ առանց հավաքների իրավունքի լիարժեք վերականգնման հնարավոր չէր ապահովել ժողովրդի` Սահմանադրությամբ նախատեսված ճնշումների ամբողջ զինանոցը»,-նշեց նա: Արամ Սարգսյանը նշեց, որ կուզենար՝ իշխանությունները հասկանան, որ արդարությունը հազար անգամ ավելի կարեւոր է, քան ամեն գնով ձեռք բերված հաղթանակը՝ ներկայացնելով Կայենի եւ Աբելի պատմությունը, ասելով, որ Կայենը սպանեց իր եղբորը, բայց դա թվացյալ հաղթանակ էր եղբոր նկատմամբ, որովհետեւ իրականում դա եղավ մարդկության այդ տեսակի հավերժ պարտությունը: «Ժողովո՛ւրդ ջան, մենք էստեղ հավաքվածներով պետք է լավ մտածենք, ամենաքիչը երեք քայլ ու այդ քայլերի հակաքայլերը, ու որոշում կայացնենք: Ու որոշում կայացնելով էլ չպիտի փնթփնթանք, պետք է գնանք առաջ առանց կողքերը նայելու»,-ասաց նա: Իսկ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսում են բոլորը, անգամ իշխանությունները: «Սակայն անցած տարիները ցույց տվեցին, որ վարչախումբն ի վիճակի չէ իրականացնել բարեփոխումներ, այլ քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավորն է»,-ասաց նա:Այսօրվա հիմնական հանրահավաքը կսկսվի ժամը 15-ին:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս