Վազգեն Մանուկյանի հայտարարությունների հիմքով դատախազությունը քրգործ է հարուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20–ի հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ դատախազությունում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք`փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակալում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ, բայց դրա համար կա նախապայման` «այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի»:

Մանուկյանը, սակայն, վստահ է, որ ինչ ցույցեր էլ իրենք անեն, Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Սակայն կտրուկ ավելացրեց, որ միշտ ունեն պլան Բ–ն, որը կարող է լինել մեկ շաբաթ հետո։

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,– եզրափակեց Մանուկյանը։




Լրահոս