ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող, 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է Ներքին գործերի նախարարության եւ պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաեւ վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:

 

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երեւանում ձեւավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են  ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում եւս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաեւ վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:

Հաջորդիվ քննարկվել են Շիրակի եւ Լոռու մարզերում պարեկային ծառայության ձեւավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձեւավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ի ձեւավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու, որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն, Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաեւ ոստիկանության եւ քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորությամբ դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաեւ կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը: Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները, վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում եւ ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:

 

 

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԶԱՏԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն մասնավորապես նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի եւ Ամերիկյան պետությունների կազմակերպության միջեւ համագործակցության, ինչպես նաեւ Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատերազմի ժամանակ գերեվարված քաղաքացիներին ու ռազմագերիներին»: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նախարար Այվազյանը եւ գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Ամերիկյան պետությունների կազմակերպության միջեւ ձեւավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակելու ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման եւ երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Այվազյանը գլխավոր քարտուղար Ալմագրոյին է ներկայացրել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իրապես արժեւորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետեւողական եւ հավասարակշռված դիրքորոշումը: Տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպություններ կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հայրենադարձումը նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կարեւորագույն կետերից է:

 

 

 

ՓԱՅԼԱՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ Է

Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արեւմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս մասին նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում: «Մայրենի լեզուս՝ արեւմտահայերենը, եւ բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը: Փետրվարի 21-ը ողջ աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի օր: Այս մասին որոշումը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում 1999 թվականի նոյեմբերին։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաեւ Հայաստանում:

 

 

 

ԽԱՓԱՆՎԵԼ Է

Փետրվարի 19-ին Իջեւան քաղաքում տեղացած առատ ձյան պատճառով վթարվել է Տավուշի մարզկենտրոնի  փողոցների  արտաքին լուսավորության ցանցը: Քաղաքապետարանը աշխատանքներ է  կատարում քաղաքի գիշերային լուսավորության համակարգը  արագ վերականգնելու համար:  Իջեւանի քաղաքապետարանը ստեղծված անհարմարության համար քաղաքի  բնակիչների  ներողամտությունն  է  հայցել։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ

Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանը 2021թ. փետվարի 8-ին որոշում է ընդունել Ռոբերտ Միքայելի Հարությունյանին նշանակել Տավուշի մարզպետի օգնական։ Այդ նշանակումից երկու շաբաթ է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի ինտերնետային պաշտոնական կայքի «Մարզպետարանի կառուցվածք» բաժնում չի ներկայացված Ռոբերտ Հարությունյանի անունը, նրա կենսագրությունը, եւ Տավուշի մարզի բնակիչնեը չգիտեն, թե մարզպետի նորանշանակ օգնականը ինչ ոլորտի մասնագետ է, Տավուշի մարզի բնակիչ  է, թե ոչ։

 

 

 

ՏՆԻՑ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ Է ՎԵՐՑՐԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իզաբելա  Լեւոնյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադվել այն բանի  համար,որ նա դեռեւս 2019թ. հունիս ամսին  Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 80/2 հասցեի բնակչուհի Եվա Պապյանի ամուսնուն՝ Էդմոն  Էդիլյանին  պարտքով տված շուրջ  200 հազար  ՀՀ դրամ գումարը եւ  340 հազար ՀՀ դրամ  արժողությամբ ոսկյա մատանիները վերցնելու նպատակով  2020թ. հունիսի 24-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, գնացել է Եվա Պապյանի նշված բնակարան, թակելով մուտքի դուռը եւ տեսնելով, որ ոչ ոք չի արձագանքում՝ հրելու միջոցով  բացել է բնակարանի լուսամուտը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ խախտելով վերջինիս բնակարանի անձեռնամխելիության իրավունքը, որոշել է  ինքնակամ  իրականացնել  իր ենթադրյալ  իրավունքները, այն է՝ տնից վերցրել է Եվա Պապյանի 30 հազար դրամ արժողությամբ «Տոշիբա» ապրանքանիշի  դյուրակիր համակարգիչը։ Իզաբելա Լեւոնյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  147 հոդվածի 1-ին մասով («Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը») եւ 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ  իրավական ակտով սահմանված կարգի  խախտմամբ  իր  իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին, կամ խոշոր վնաս՝  պետական կամ հասարակական շահերին»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու  մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս