ArmLur.am-ը զրուցել է Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում են պնդել, որ Հայաստանի կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական ներկայացնի:
-Պարո՛ն Գրիգորյան, արդյոք ԲՀԿ-ի օրակարգում շարունակո՞ւմ են մնալ իշխանափոխության հարցն ու կառավարության հրաժարականը:
-Մի քանի օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ որեւէ բան չի փոխվել, քանի որ ներկայիս իշխանությունները շարունակում են ձախողել եւ տապալել խնդիրների լուծումը: Արդեն նշել ենք, որ ժողովուրդը հոգնել է միայն խոսքեր լսել, մարդիկ ուզում են՝ առօրյայում իրենց հարցերին լուծումներ տրվեն: Եթե հիշում եք, դեռ ամռանն էր Գագիկ Ծառուկյանը հայտարարել, որ այս իշխանությունները ձախողել են ամեն ինչ, պետք է հրաժարական ներկայացնեն, ու այն, ինչ ասվել էր, եղել է, իսկ մեր պահանջում որեւէ բան չի փոխվել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում երկրում փոփոխությունները, ի՞նչ պետք է անել, որպեսզի պետությունը դուրս գա այս ծանր վիճակից:
-Անելիքների պակաս իսկապես չկա, բայց առաջնահերթ, կարծում ենք, պետք է լիարժեք վերականգնել փոխհարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ։ Տեսեք, մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ պետք է ամրացնենք փոխհարաբերությունները մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ, ու իսկապես ոչ թե միայն խոսքերով, այլեւ դա պետք է անել գործով, մեր ամենօրյա աշխատանքով: Սա շատ կարեւոր հարց է, որը մեր կուսակցության օրակարգային, ամենօրյա աշխատանքային քննարկումներում առկա է: Մենք պատերազմի ժամանակ շատ լավ տեսանք, որ Ռուսաստանն է, որ հայ ժողովրդի բարեկամն է, ու այդ բարեկամությունը պետք է խորացնել, ամրապնդել ու առաջ շարժվել:
Իհարկե, մեզ համար կարեւոր է նաեւ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին միտված առաջնահերթ քայլերը, մասնավորապես՝ Հայաստանում շատ ներդրողներ բերելը։ Պետք է շատ ներդրումներ կատարվեն, որպեսզի այսքան խնդիրներին հնարավոր լինի լուծում տալ: Գագիկ Ծառուկյանը բազմիցս է խոսել այդ մասին, մենք այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանքներ պետք է տանենք:
-Առաջ շարժվելու համար ընդդիմությունն առաջարկում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նոր կառավարություն ու խորհրդարան ունենալ, բայց իշխանությունը որոշեց, որ հանրային պահանջ չկա: Ի՞նչ եք կարծում, ապագայում ե՞րբ հնարավոր կլինի գնալ արտահերթ ընտրությունների, ու արդյոք ԲՀԿ-ն կմասնակցի՞:
-ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, ու ԲՀԿ առաջնորդն ասել է, որ միայնակ՝ առանց դաշինքի: Արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ այս իշխանությունը 6 ամսվա ճանապարհային քարտեզ էր ներկայացրել իբրեւ թե երկիրը ուշքի բերելու համար, բայց արդեն երեք ամիս է անցել, ու որեւէ փոփոխություն չկա: Իսկ սա բերելու է նրան, որ իշխանությունն ինքնակամ արտահերթ ընտրությունների է գնալու: Պարոն Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ընտրությունների կգնանք միայն նրա հրաժարականի դեպքում, որը շարունակում ենք պնդել: Մեր օրակարգում որեւէ բան չի փոխվել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը:
Նախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում, սակայն դեռեւս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին եւ մարտահրավերներին:
Ըստ նախարարի՝ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է եւ մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,- ասել է Այվազյանը:
Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախեւառաջ պետք է ձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռեւս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միեւնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, եւ մենք շարունակելու ենք սատարել այդ ձեւաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը»,-ասաց Այվազյանը:
ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է
Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ՀՀ զինված ուժերի վերաձեւավորմանը: Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ըստ նրա՝ այժմ ինտենսիվ շփումներ են ընթանում ամենատարբեր ուղղություններով Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ: Նրա խոսքով՝ քննարկվում են երկու երկրների զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցության ամրապնդման ամենատարբեր ուղղություններով: «Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների թվին, այդ առումով տեղեկություն տալու առանձնաշնորհ չունեմ: Դա անում են մարդիկ, ովքեր անմիջականորեն պատասխանատու են դրա համար»,-նշել է դեսպանը:
ԱՆԿՈՒՄ՝ ԳԱՐԵՋՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտը ճգնաժամային վիճակում է: Այս ոլորտում արտադրության ծավալները նախորդ տարվա սկզբից են սկսել նվազել: Պատճառը կորոնավիրուսն է, դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը եւ պատերազմը: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները գրեթե միշտ փակ են եղել, իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառողներն են:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն գարեջրի արտադրության ծավալները նախորդ տարի, 2019 թվականի հետ համեմատ, պակասել են 10.6 տոկոսով, ինչը մտահոգիչ է: Օրինակ՝ 2020-ին Հայաստանում արտադրվել է 23 մլն 483 հազար 300 լիտր գարեջուր, որը 2019 թվականից 2 մլն 774 հազար 300 լիտրով պակաս է արտադրվել:
Բայց, մյուս կողմից, ըստ որոշ մասնագետների՝ Հայաստանում գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների գործունեությունը վտանգված է: Պարզվում է, որ վերջին տարիներին տարբեր երկրներից եւ տարբեր տեսակի մեծ քանակությամբ գարեջուր է ներկրվում Հայաստան, որը հաճախ ավելի էժան է լինում, եւ դրա հետեւանքով տեղական գարեջրի իրացման ծավալները նվազում են:
Նշենք, որ գարեջուր ներկրում են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Մեքսիկայից, Չեխիայից: Իսկ նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում նշված երկրներից ներկրվել է 3 մլն 217 հազար 600 լիտր գարեջուր, այսինքն՝ 2019-ի համեմատ՝ 842 հազար 900 լիտր ավել է ներկրվել:
Ս.Հ.