Ո՞ՒՐ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անգործության հետեւանքով հայկական ավիաընկերություններն ընդգրկվեցին ԵՄ-ի «սեւ ցուցակում», որի պատճառով հայկական ավիաընկերությունները զրկվեցին դեպի Եվրոպա կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու իրավունքից:

 

Սակայն պարզվում է, որ սա ՔԱԿ-ի հետ կապված միակ բացասական հանգամանքը չէ:  Արդեն, ինչպես երեկ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, հայկական օդանավի առեւանգում է տեղի ունեցել:

«Փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալինից եւ, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման, եւ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:

Հակոբ Ճաղարյանի հայտարարությանը հաջորդեց ՔԱԿ-ի հերքող եւ միեւնույն ժամանակ հաստատող հայտարարությունը. «Առեւանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:

ՔԱԿ-ը նաեւ հետեւյալ մեկնաբանությունը տարածեց. «Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու եւ չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին քննության ավարտից հետո»:

Նշենք, որ առեւանգված օդանավը պատկանում է հայկական նորաստեղծ «Fly Armenia Airways»-ին, որի արտասահմանցի ներդրողը հայտնի է սկանդալներով՝ փողերի լվացում, պարտքերի կուտակում, զենքերի տեղափոխում, հետախուզում եւ այլն:

Թեեւ ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը դեռ ամիսներ առաջ մեծ ցնծությամբ Ազգային ժողովի ամբիոնից խոսեց եւ, որպես իր արած աշխատանքի արդյունք, ներկայացրեց, թե ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելով որքան աշխատատեղ է ստեղծվելու, որքան օգուտ է երկիրը ունենալու, սակայն երբ ավիաընկերությունը բերեց եռագույնը կրող իր առաջին օդանավը, ՔԱԿ-ից մեկ արձագանք անգամ չեղավ: Չի բացառվում, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա արդեն գիտեր, թե ինչ պատմություններ են հաջորդելու ընկերության՝ մուտք գործելուն:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռեւս անհայտ հանգամանքներում, եւ զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա՝ հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները. այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:

Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:

Նշենք, որ կատարվածի արդյունքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ԱՄՆ-ի հետ, քանի որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: Փաստացի Տաթեւիկ Ռեւազյանի պատճառով Հայաստանին կրկին միջազգային սկանդալ է սպառնում:

Ն.Հ.

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ  Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը: Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով  ներկայացրեց հայտարարության տեքստը: Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն  ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել ներկայացված  հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում: Նիստին ներկա են եղել ԱԺ նախագահը, փոխնախագահը եւ պատգամավորներ:

 

 

 

ԱԿՑԻԱ՝ ԱԱԾ-Ի ԴԻՄԱՑ

Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները երեկ բողոքի ակցիա են իրականացրել ԱԱԾ-ի դիմաց՝ ի աջակցություն Արա Սաղաթելյանի:  Վերջինիս պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները խուզարկություն էին իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ եւ համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Նկատենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մխիթարյանն ազատվել է Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից, Նարեկ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ, Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:

 

 

 

ԲԱՐՁՐ ԳՆԵՐ

Չնայած Ռուսաստան-Հայաստան կանոնավոր չվերթները մեկնարկել են փետրվարի 15-ից, սակայն ավիատոմսերի արժեքները շարունակում են բարձր մնալ: Առաջին օրերին դա հենց ամենաքննարկվող թեմաներից էր: Այժմ էլ սակագինը ամբողջովին չի կարգավորվել: Օրինակ՝ aviatomser. net կայքից տեղեկանում ենք, որ այսօր Երեւան-Մոսկվա ավիատոմս՝ էկոնոմ դասով թռիչքի համար, հնարավոր է ձեռք բերել 225 հազար դրամով։ Իսկ փետրվար ամսվա համար ամենաէժան ավիատոմսն արժի 219 հազար դրամ։ Համեմատաբար էժան ավիատոմսեր հնարավոր է ձեռք բերել արդեն մարտ ամսին: Օրինակ՝ մարտ ամսվա համար ամենաէժան ավիատոմսը հնարավոր է ձեռք բերել 89 հազար դրամով: Հետաքրքիր է, որ ՏՄՊՊՀ-ն շուկայում ուսումնասիրություններ էր իրականացրել՝ փորձելով պարզել, թե ինչով է պայմանավորված ավիատոմսերի արժեքի կտրուկ թանկացումը: Եվ, ահա, արդյունքում պարզվել էր, որ 2021թ. փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետեւանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են՝ ըստ աճման կարգի, սահմանափակ քանակով, մինչեւ փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, եւ վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր:

 

 

 

ՀԱՅՏԵՐԸ ԿՄԵՐԺՎԵՆ

Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ջրային օրենսգրքում մտադիր է փոփոխություններ կատարել: Կփոփոխվի ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, ըստ որի՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն այն դեպքում, եթե դրանց կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Տեղեկացնենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

 

 

 




Լրահոս