Մարտի 2-ին սկսվելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը խոստանում է թեժ լինել, ինչպես եղել են վերջին նստաշրջանները՝ 44 օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ինչպիսի հարցեր էլ լինեն նստաշրջանի օրակարգում, չի լինում որեւէ քննարկում, որի ժամանակ անդրադարձ չկատարվի պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, գերիների վերադարձի եւ այլ փոխկապակցված հարցերի: Հատկապես նման հարցադրումները շատ են լինում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչեւէ, անդրադառնանք մարտի 2-ին մեկնարկելիք նստաշրջանի օրակարգին, որը պետք է հաստատվի մարտի 1-ին՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ: Այսպիսով, մարտի 2-ին մեկնարկող հերթական նստաշրջանում ընդգրկված է լինելու 17 հարց: Օրինակ, այդ օրերին խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատավոր, իսկ թեկնածուներն էլ երեքն են՝ Սամվել Գրիգորյանը, Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը: Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկելու են Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի առաջին ընթերցումն անցավ անաղմուկ, չնայած այս նախագծով ՏՄՊՊՀ-ն ստանձնելու է ոստիկանի դեր եւ այս փոփոխություններն անգամ քննադատվել էին ԱԺ փորձագիտական վարչությունների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.