Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ՝ նշելով, որ դիվանագետների աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված Հայաստանի ապագա նվաճումները միջազգային ասպարեզում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հարգելի դիվանագետներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները։
Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:
Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջեւ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։