Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի հետ ArmLur.am-ը զրուցել է երկրի ներկա իրադրության եւ այլ հարցերի մասին:
-Պարո՛ն Գրիգորյան, հետեւո՞ւմ եք երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին, ի՞նչ տպավորություն ունեք:
-Իհարկե, որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի՝ հետեւում, տեսնում եմ, թե մեր երկրում ինչեր են կատարվում, եւ չեմ կարող անտարբեր մնալ: Ինձ համար մեր երկրում այսօր տեղի են ունենում ցավալի իրադարձություններ:
-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ 40 գեներալների համատեղ հայտարարությունը, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
-Դա քայլ էր, որն արվեց Օնիկ Գասպարյանի կողմից ժողովրդի կողքին լինելու համար:
-Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ:
-Ես կարծում եմ, որ դա ամենեւին էլ ռազմական հեղաշրջման փորձ չէր: Այսկերպ բանակն ընդամենը ցույց տվեց, որ կանգնած է ժողովրդի, մտահոգ քաղաքացիների կողքին, բացի այդ, չմոռանանք, որ նախորդ անգամ հենց «Իմ քայլը» խմբակցության լիդերներից Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը փորձի անհնազանդություններ անել, փորձի մտնել կառավարության շենք, կարող են կրակել քաղաքացիների վրա: Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ բանակը ցույց տվեց, որ կանգնած է եւ կանգնելու է իր ժողովրդի կողքին: Ես կողմնակից չեմ նման մասշտաբային ընդհարումների եւ համոզված եմ, որ նման բան երբեք չի լինի:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ քաղաքացիական պատերազմ տեղի չի՞ ունենա:
-Իհարկե, ես չեմ կարծում, որ քաղաքացիների միջեւ բախումներ կլինեն: Մեր ժողովուրդը շատ ողջամիտ ազգ է:
-Պարո՛ն Գրիգորյան, քանի որ Դուք նույնպես պահանջում եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում:
-Կարծում եմ՝ շուտով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կընտրվեն նոր, խելացի ուժեր: Իսկ լիդեր, որն, ըստ իս, կարող է լինել երկրի վարչապետի պաշտոնում, կարող է լինել լավ ղեկավար եւ երկիրը տանել լավ ճանապարհով, Ռոբերտ Քոչարյանն է: Ես դրա մասին բազմաթիվ անգամներ եմ խոսել: Մարդը ունի փորձ պատերազմից հետո երկիրը ոտքի հանելու, եւ ես լիարժեք երկիրս կարող եմ վստահել նրան եւ համոզված եմ, որ լավ կլինի:
-Իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք ընդդիմությանը կհաջողվի հասնել իշխանության լիարժեք հեռացմանը:
-Իհարկե, արդեն ստացվում է: Ամեն բան գնում է իր հունով եւ ճանապարհով:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին Գասպարյանին աշխատանքից ազատման համար: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՌԴ-ՈՒՄ Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնը հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք կկազմակերպի:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում մարտի 7-ին մշակութային կենտրոնի արտ-հարթակում դաշնամուրային համերգ տեղի կունենա:
Համերգին ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան կենտրոնական երաժշտական դպրոցի սաները:
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, եւ երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշեւիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա եւ միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։
Դեռ հինգ տարեկանում նկատելով նրա տաղանդը՝ Արամ Խաչատրյանը որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին Առնոն ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել եւ աշխատել է Մոսկվայում։
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ, իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» եւ դաշնամուրային տրիոյում:
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսեւորվել է նաեւ նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» եւ այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում:
Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿ
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Ռոտերդամի ATP-500 մրցաշարում։ Երկրորդ շրջանում հայ մարզիկը 6:2, 6:2 հաշվով ուժեղ է գտնվել բրիտանացի Քեմերոն Նորիից: Մրցախաղը տեւել է 1 ժամ 16 րոպե: Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի կա՛մ հույն Ստեֆանոս Ցիցիպասի, կա՛մ լեհ Հուբերտ Հուրկաչի հետ: Մեկնարկային մրցախաղում նա հաղթել էր շվեյցարացի Սթեն Վավրինկային: Ռոտերդամի մրցաշարը կավարտվի մարտի 7-ին։ Մրցանակային հիմնադրամը 1,1 միլիոն եվրո է։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Սեւիլիայի» նկատմամբ 3:0 հաշվով տնային հաղթանակը, որի շնորհիվ կատալոնական ակումբը դուրս էր եկել եզրափակիչ։ «Մենք պայքարեցինք մինչեւ ուժասպառ լինելը, եւ դա անհավանական է: Շատ գոհ եմ թիմի կատարած աշխատանքից: Մենք արժանի էինք հաղթանակի: Կարծում եմ՝ մենք ավելի լավն էինք 2 խաղերում էլ: Թիմը շատ ուժեղ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանական առումով: Գուցե մենք չցուցադրեցինք փայլուն ֆուտբոլ, սակայն վերահսկում էինք գնդակն ու ստեղծում պահեր: Դա տպավորիչ էր»,- ասել է հոլանդացի մասնագետը: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր «Սեւիլիայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Պատասխան խաղում «Բարսելոնան» հաշիվը 2:0 դարձրեց ավելացված ժամանակի չորրորդ րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց եւս մեկ գոլ: Վերջին 13 մրցաշրջաններում «Բարսելոնան» 10-դ անգամ կխաղա Իսպանիայի գավաթի եզրափակիչում:
ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ
«Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարմիր քարտ է ստացել «Լիվինգսթունի» դեմ Շոտլանդիայի առաջնության 30-րդ տուրի խաղում (0:1): Ընդմիջման ժամանակ «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը վիճել է հանդիպման գլխավոր մրցավարի հետ, ինչի համար նախ ստացել է դեղին քարտ, իսկ քիչ անց՝ կարմիր: Ջերարդը կարող է որակազրկման պատճառով բաց թողնել «Ռեյնջերսի» պոտենցիալ չեմպիոնական հանդիպումը: Հաջորդ տուրում անգլիացու գլխավորած թիմը մրցելու է «Սենթ-Միրենի» հետ: Եթե «Ռեյնջերսը» հաղթի, իսկ երկրորդ տեղում գտնվող «Սելթիկը» միավորներ կորցնի «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում, Ջերարդի թիմը ժամանակից շուտ կապահովի չեմպիոնի կոչումը: Նախորդ անգամ «Գլազգո Ռեյնջերսը» Շոտլանդիայի չեմպիոն դարձել է 10 տարի առաջ: