Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետն այս պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը։
Իսկ ով է ԳՇ պետի ժանակավոր պաշտոնակատարը եւ ինչ պատմությունների կիզակետում է հայտնվել :
2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի մասով, ինչի առնչությամբ կա հարուցված քրեական գործ:
Մասնավորապես, 2020 մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Եվ, ահա, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով հարցաքննվել են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Տիրան Խաչատրյանն եւ Ստեփան Գալստյանը:
Իսկ թե ինչ են ասել նրանք իրավապահներին, մեզ չհաջողվեց պարզել, սակայն նշենք, որ ԱԱԾ-ում տարբեր պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել եւ հայտնել, որ ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը»: Սակայն Գալստյանի շուրջ խոսակցությունները այսքանով չեն սահմամափակվում: 2017 թվականին
ՊՆ-ում խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե Ստեփան Գալստյանը խնդիրներ ուներ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի , ինչպես նաեւ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Ըստ լուրերի՝ Վիգեն Սարգսյանը առաջ էր քաշել նրա ազատման հարցը, քանի որ համարել էր,որ նա ըստ էության ոչինչ չի անում եւ դեռ ավելին մինչ օրս աչքի չի ընկել իր պրոֆեսիոնալիզմով: Ուստի դեռեւս 4 տարի առաջ ՊՆ ղեկավար կազմը ցանկամում էր ազատվել Գալստյանից ոչ պրոֆեսիոնալ լինելու համար:
Սակայն նկատենք, որ գործընթացը կանգ առավ մեկ ողբերգական դեպքից հետո: Բանն այն է, որ ցավալի դեպք եղավ Գալստյանների ընտանիքում: ArmLur.am-ը 2017 թվականին հայտնել էր, որ ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին եւ հայտնվել ջրանցքում։
Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել է վարորդ, Ռոբերտ Գալստյանը:
Ռոբերտ Գալստյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին էր: