Հայաստանում ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Մյուս կողմից՝ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը. օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը՝ Հրաչիկ Բաբախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում:
Ջերմոցատերը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ օգտվում է պետական աջակցության ծրագրերից։ Ասում է՝ դրանք մեծ նշանակություն ունեն տնտեսվարողների համար: Հրաչիկ Բաբախանյանը մեկ ամսից կկարողանա լոլիկ վաճառել, իսկ մինչ այդ՝ ահազանգում է․ Հայաստանի շուկաներում վաճառվում է թուրքական ծագման լոլիկ։
Տեղեկացնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով։ Թվում է, թե այս ամենի արդյունքում կարող են շահել տեղական ջերմոցատերերը, բայց, մասնագետների խոսքերով, էժան է նաեւ իրանական ծագման բանջարեղենը. լոլիկն այնտեղ մայիսին հասնում է։
Այսինքն՝ Թուրքիայից լոլիկ ներկրողը կարող է այն ներմուծել Իրանից։ Ստացվում է, որ դարձյալ տուժելու են մեր գյուղատնտեսները:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան