Նախարարությունը հաստատեց 13 մլն դրամով ջերմոց կառուցման փաստը, սակայն ԿԿՀ-ն փոխկապակցվածություն չգտավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը փետրվարի 28-ին գրել էր հոդված «30 հազար դոլար են ծախսել մեկ ջերմոց կառուցելու համար, որոնցից 4-ը հետո քանդվել է․ Սիմիդյանի նախարարությունում բարձիթողի վիճակ է» վերտառությամբ։

Հոդվածում ներկայացրել էինք, որ դեռ 2023 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց, որ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացրեցին «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։

ArmLur.am-ը տեղեկացել էր, որ սա ամենևին էլ հօգուտ անտառտնտեսությունների չէր, քանի որ որոշ ժամանակ անց ջերմոցները պիտի ճանաչվեին անորակ, ոչ ստանդարտներին համապատասխան և քանդվեին։

Տեղեկացանք նաև, որ յուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար ծախսվել է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ այդքան մեծ ներդրումից հետո 6 ջերմոցից 4-ը քանդվել է։ Այսպիսով, ստացվեց այնպես, որ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրած դրամաշնորի պլանային կատարումն իրականացրեց ոչ թե Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, այլ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։

ArmLur.am-ին հայտնի էլ դարձել, որ հենց Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պնդմամբ է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կառուցումը հանձնել նրանց։ Զննելով Վլադիմիր Կիրակոսյանի կյանքը և կենսագրությունը՝ պարզեցինք, որ նա հանդիսանում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մտերիմ ընկերը, ինչը կարող է դառնալ այս գործընթացների իրականացման հանգամանքը։ Ստացվում է, որ «պոզով պոչով» կոռուպցիայի աղբյուրները սկսվել են դեռ ՔՊ-ականների իշխանության գալու սկզբներին։

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հասկանալու համար իսկապես պայմանագրի արժեքը կազմել է մեկ ջերմոցի համար 30 հազար դոլար և ովքեր են պահանջները կատարող պատասխանատու անձինք։ Նախարարությունից ստացել էինք հետևյալ պատասխանը․

«Համաձայն 2021 թվականի փետրվարի 11-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետակի հիմնարկի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև կնքված պայմանագրերի՝ ԲԾԻԳ ՊՀ-ն իրականացնում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում մեղմացման միջոցով» դրամաշնորհային ծրագրի «Կլիմայի փոփոխության ետևանքների մեղմում և հարմարվողականություն նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչը։ Բաղադրիչի շրջանակներում Հրազդանի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունններում ջերմատների կառուցման համար կազմակերպվել է գնման գործընթաց, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն։

Ըստ այդմ պայմանագրի ԲԾԻԳ ՊՀ-ին հատկացվել է 79 մլն 200 հազար դրամ Հրազդանի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունններում ջերմատների կառուցման համար։

«ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ի և ԲԾԻԳ ՊՀ-ի միջև գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով՝ անտառտնտեսությունններում մեկ 500քմ խելացի ոռոգման և հովացման եղանակով ջերմատան կաուցման արժեքը կազմել է 13 մլն 38 հազար դրամ»։

Ստացվում է, որ ճիշտ ենք, որ յուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար մոտ 30 հազար ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջերմոցները փաստացի հօդս են ցնդել։

Ավելի վաղ նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ աննախադեպ ուժեղ քամիների և տարածքին ոչ բնորոշ ձյան առատ տեղումների վերաբերյալ առկա են շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կետրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված հետազոտությունների տվյալները։ «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել են վերականգնման աշխատանքները»։

Հայտարարությունից հետո 2 ամսի կատարված մեր հետևողական ուսումնասիրությունների արդյունքում ոչ մի վերանորոգման փաստ չենք արձանագրել։


Կոռուպցիայի կանխարգելման ժողովը վարույթ նախաձեռնելու նպատակով հարցումով դիմել է նախարարություն՝ նշված կապը գտնելու համար, սակայն նախարարությունից լիարժեք որևէ պատասխան չեն ստացել։

Արդյունքում՝ ԿԿՀ-ը եզրակացրել է, որ վերը նշված փոխկապակցվածությունը չկա։

Արդյունքում՝ նախարարությունը կմնա անպատիժ, սակայն միլիոնավոր մսխումները կմնան առերևույթ անպատիժ։

Էմմա Միքայելյան




Լրահոս