ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներից և ինչ զենք է գնել Հայաստանն ու Ադրբեջանը վերջին չորս տարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած չորս տարիներին Հայաստանը սպառազինություն է ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն՝ Իսրայելից։ Մասնավորապես, սա են վկայում աշխարհում սպառազինության վաճառքի ընդհանուր միտումները վերլուծող ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) կողմից նախօրեին հրապարակված զեկույցի տվյալները։

Դրանց համաձայն, 2016-ից 2020 թվականներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինության 94 տոկոսը ռուսաստանյան արտադրության է եղել։

Զեկույցի հեղինակների հաշվարկով՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը միջազգային շուկայում Հայաստանից շուրջ երկուսուկես անգամ ավելի շատ սպառազինություն է ձեռք բերել։ Դրա 69 տոկոսը, փորձագետների հաշվարկով, իսրայելական, իսկ 17 տոկոսը ռուսական ծագում է ունեցել։

«Ռուսաստանից Ադրբեջանը հիմնականում զրահատեխնիկա և հրետանային համակարգեր է ձեռք բերել», – հավելում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2016-2020 թվականներին իրականացված զենքի ձեռքերումները չեն գերազանցել սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը։

Ինչ վերաբերում է սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր վիճակին, ապա այն 2020 թվականին որոշակիորեն կայունացել է։ Սովորական սպառազինությունների մատակարարումների 2016 թվականից նկատվող շարունակական աճը նախորդ տարի կանգ առավ՝ վերադառնալով 2011-ից 2015 թվականների մակարդակին, պնդում են ստոկհոլմյան ինստիտուտի մասնագետները։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս