«ԻՄ ՀԵՐԹՆ ԷԼ ԵԿԱՎ». Ո՞Վ ԷՐ ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎ ՍԵՐԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերօրյա անմահ հերոսների շարքում է նաեւ սերժանտ, դիրքի եւ ջոկատի ավագ Սերժ Հակոբքեխվյանը: Սերժը ծնվել է  2000թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում՝ Արմինե Կարապետյանի եւ Սերգեյ Հակոբքեխվյանի ընտանիքում։

 

Հադրութում ծանր մարտերից մեկի ժամանակ 20-ամյակը նոր բոլորած Սերժը 7 ընկերների հետ իր կյանքը զոհել է՝ փրկելով իրենց ընկերոջ՝ Աբիկի կյանքը:

ArmLur.am-ը այցելել է Սերժի բնակարան: Նրա հերոսական կերպարի մասին զրուցել ենք հերոսածին մոր եւ եղբայրների հետ, ովքեր, հառաչանքն ու մորմոքը սրտում, հիշում են Սերժի հետ անցկացրած յուրաքանչյուր դրվագը եւ հույս ունեն, որ մի օր կհանդիպեն կրկին:

«Սերժս շատ լավ տրամադրված է մեկնել ծառայության, մինչեւ ծառայության մեկնելն էլ ընկերներով հավաքվում էին, զրուցում մեր հերոսների մասին,  եւ երբ արդեն նա պետք է գնար բանակ, իր ուղեգիրը նկարել եւ գցել էր  ֆեյսբուքյան էջին ու գրել. «Իմ հերթն էլ եկավ»: Միշտ ասում էր. «Մա՛մ ջան, սովորի՛ր իմ բացակայությանը, որ հետո շատ չտխրես»: Երբ առաջին անգամ տեսա Սերժիս զինվորական համազգեստով, հուզվեցի, սկսեցի լաց լինել, եկավ, ինձ գրկեց, ասաց. «Մա՛մ ջան, մի՛ լացիր, դու տղու մամա ես, տղու մաման չի լացում»: Այդպես մեկնեց ծառայության Հադրութում: Շատ էր սիրում Հադրութը,  վեց ամիս հետո արժանացել էր կրտսեր սերժանտի կոչման: Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել, երբեք չի տրտնջացել, ոչ մի բան չի ուզել, պահանջել: Պատերազմից երկու օր առաջ էր դիրքերից իջել, սեպտեմբերի 27-ին նորից տագնապով բարձրացրել էին դիրքեր, իսկ ամսի 29-ին պետք է լրանար իր 20-ամյակը: Ասացի. «Սե՛րժ ջան, գումար ուղարկեմ, որպեսզի 20-ամյակդ լավ նշես ընկերներիդ հետ»: Ասաց. «Մա՛մ ջան, նման բան չանես, միայն  5000 դրամ ուղարկիր՝ սիգարետ առնենք», բայց, փաստորեն, դա էլ չէր հասցրել գնել. երբ իր մարմինը բերեցին, այդ գումարն իր դրամապանակի մեջ էր մնացել արյունոտ: 20-ամյակին շատ ուշ զանգեց, երբեք այդքան երկար չէի սպասել նրա զանգին, ասաց. «Մա՛մ  ջան, մի՛ մտածիր, ծնունդս լավ արե՛ք, նշե՛ք, ուրախացե՛ք, քե՛ֆ արեք»: Սա այդ Հադրութը չի, որտեղ որ պատերազմ է, դու հանկարծ չնեղվես»: Վերջին անգամ խոսեցի հետը ամսի 30-ին, իսկ ամսի 1-ին էլ զանգ չկար, 2-ին արդեն իմացանք, որ զոհվել էր յոթ ընկերների հետ միասին»,- արցունքները խեղդելով կոկորդում՝ պատմում է մայրը:

Սերժի փոքր եղբայրը՝ Արտյոմ Հակոբքեխվյանը, մեզ հետ զրույցում, եղբոր կորուստը սրտում, միայն մի բան է ընդգծում, որ այսօր բոլորն ապրում են այնպես, ինչպես ապրել են նախկինում, իսկ Սերժի նման հերոսները սեւացած ձեռքերով մինչեւ վերջին շունչը կռիվ են տվել այսօրվա համար:

«Հենց մամայի հետ խոսում էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, բայց ինձ ասում էր, թե ինչ է կատարվում իրականում, թե ինչքան զոհ են ունեցել: Ասում էր՝ է՛լ ընդհանրապես Հադրութ չկա: Երբ իրեն զոհված բերեցին, ձեռքերը սեւացած էին, արյունոտ, հնարավոր չէր էլ եղել այդքանը մաքրել: Այսօր շատ մարդիկ կան, որ մաքուր ձեռքերով ապրում են, թող մի պահ իրենց հիշեն, թե ինչպես են այդպես արյունոտ ձեռքերով կռիվ տվել մեզ բոլորիս համար, պարզապես թող մի պահ ամեն քայլից առաջ հիշեն մեր տաղներին. դա միայն  մեր կորուստը չէ, դա ողջ հայության կորուստն է»,-հավելում է հերոսի եղբայրը

Սերժի վառ կերպարը երբեք անտարբեր չի թողել ոչ ոքի։ Ընկերասեր տղայի մասին թե՛ հարազատները, թե՛ ընկերները խոսում են մեծագույն սիրով եւ ժպիտով։ Փա՛ռք եւ պատի՛վ մեր նահատակված տղաներին, նրանց սխարանքը հավերժ կդաջվի մեր սրտերում:

 

 

 

ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՐՏԱԳԱՂԹԵ՞Լ Է

Նախորդ տարի, համաճարակով, պատերազմով եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, երգիչները, երաժիշտները, պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են գտել եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում:

 

Եվ այսպես, ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը լքել է երկիրը. դա են վկայում նաեւ վերջին շրջանում նրա տեղադրած լուսանկարները Միացյալ Նահանգներից:

Եվ  քանի որ Վաչեն որոշել է երկրից հեռանալ, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երգի՛ր, թե կարող ես» երաժշտական նախագիծը, որը շուրջ երկու տարի վարում էր նա,  այսուհետ նրա փոխարեն կվարի հումորիստ  Գրիգ Գեւորգյանը, իսկ նախագծի պարային բեմադրությունները կանի նրա կինը՝ պարուհի Սոնա Եսայանը: ArmLur.am-ն արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է կապ հաստատել Վաչե Թովմասյանի հետ, սակայն ապարդյուն:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

ԱՐՏԱԳՆԱ ՀԱՂԹԱՆԱԿ

Լատվիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ռիգան» Էդգար Բաբայանի գոլի օգնությամբ 3:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Վենտսպիլսի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը հյուրերի կազմում փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում, իսկ 87-րդ րոպեին խփել էր հանդիպման վերջին գոլը: Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Էդգար Բաբայանը կտեղափոխվի Կիպրոսի «Պաֆոս»: Վերջերս հայ ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Ռիգայի» հետ, որի կազմում կխաղա մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Վերջերս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը եւ խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։ Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է կես միլիոն եվրո։ 2014 թվականին հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-ին, 2019-ին ու 2020-ին:

 

 

 

ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔԵՐ

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Սպարտակից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո գովեստի խոսքեր է ասել 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հասցեին: «Դա նրա առաջին դերբին էր, որտեղ խաղաց առաջինից մինչեւ վերջին րոպեն: Գոհ եմ նրա խաղի որակից: Նա շարունակում է ջանասիրաբար աշխատել մարզումներին ու ցուցադրել իր լավագույն որակները: Զախարյանը դեռ 17 տարեկան է, եւ նրա մոտ ամեն բան առեւում է: Վստահ եմ, որ Արսենը շարունակելու է առաջադիմել»,- 42-ամյա գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում (2:1) Արսեն Զախարյանը դարձել էր գոլի հեղինակ ու վաստակել 11-մետրանոց, իսկ «Տամբովի» հետ նախորդ մրցավեճում (2:0) կատարել էր գոլային փոխանցում:

 

 




Լրահոս