ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն առաջիկայում հրաժարական կտա. ինչպես կայացրեց արտահերթ ընտրությունների գնալու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մտադրության մասին: Նրա հայտարարության մեջ ասվում էր.

«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Հանդիպումից րոպեներ անց հայտարարություն տարածեց նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»։

Այսինքն, այս պահին հստակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հունիսի 20-ին, իսկ մինչ այդ, Սահմանադրության համաձայն, վարչապետը պետք է երկու անգամ հրաժարական տա եւ երկու անգամ խորհրդարանում վարչապետ չընտրվի, որպեսզի խորհրդարանը լուծարվի: Ստացվում է՝ առաջիկա օրերին վարչապետն արդեն պետք է հրաժարական տա, որպեսզի ժամկետներում իշխանությունը տեղավորվի, նաեւ պետք է չեղարկվի երկրում հաստատված ռազմական դրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս