ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ՝ պարզելու, թե ինչ կարծիք ունի վարչապետի հրաժարականի ու ընդդիմության քայլերի մասին:
-Տիկի՛ն Կյուրեղյան, ինչպե՞ս եք պատկերացնում ելքն այս իրավիճակից, քանի որ այս վիճակն օր օրի ավելի սրվում է: Ի՞նչ ելք է անհրաժեշտ, որը բավարարի ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը:
-Անկեղծ ասած, մենք եթե մտածում էինք, որ ԳՇ պետի հայտարարությունը այն անհերքելի իրողությունն էր, որից հետո մենք պետք է ստանայինք հրաժարական, ոչ, դա պարզապես, բացադրիչներից մեկն էր, որն ավելի մեծացնելու էր հանրային ճնշումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մոտեցնելու էր: Այո, դա իր ցանկալի արդյունքը չբերեց, բայց այնպես էլ չէ, որ անարդյունք է: Հիմնական շեշտադրումը այն է, որ մենք շրջափակել ենք Ազգային Ժողովը, փակել ենք Բաղրամյան փողոցը եւ պետք է հասկանանք, որ այս խորհրդարանական երկրում Ազգային ժողովն է մյուս կարեւոր սահմանադրական մարմինը, որը կարող է հեռացնել վարչապետին: Ամեն կերպ մենք ընդլայնելու ենք ճնշումը, խորացնելու ենք Աժ պատգամավորների վրա, որ նրանք հասկանան, որ առաջնային մանդատ կրողն են եւ պարտավոր չեն վարչապետի հրամանները կատարելու: Վարչապետն էլ օր օրի իր քայլերով ապացուցում է, որ ինքն ընդունում է, որ այլեւս ղեկավար չէ, եթե նույնիսկ ուղղակի չէ, ապա նրա բոլոր քայլերն ինքնախոստովանական են, նա ամեն օր դրա մասին է խոսում: Ի վերջո պետք է պատգամավորները հասկանան, որ Նիկոլը պետք է հրաժարական տա ու փախչի, հո իրենց էլ իր հետ չի՞ փախցնելու: Պատասխանատվություն են կրելու իրենք Նիկոլի հետ հավասար, որովհետեւ այն մարմինն էին, որ պետք է կանխեին Նիկոլի դավաճանական գործողություններն ու անգործություն են արել, չեն կանխել:
-Ըստ Ձեզ՝ կամաց-կամաց չի՞ մարելու պայքարը:
-Ոչ: Իսկ Դուք չե՞ք տեսնում, որ, հակառակը, ամեն օր աճում է:
-Հանրությունը սպասում է կտրուկ քայլերի, իսկ ընդդիմությունը, կարծես թե, ոչինչ չի անում: Ի՞նչ կասեք:
-Իմացեք, որ շարժումը խորանում ու տարածվում է: Շարժում է սկսվում Տավուշում, Շիրակում, Լոռիում, ամեն տեղ: Իսկ տարածումը հաշվի չես առնում: Այսօր ամբողջ Հայաստանից ոստիկանությունը հավաքել-բերել է Բաղրամյան փողոց: Իսկ այդ շարժումը հենց տարածվեց, արագ ցրելո՞ւ է: Նրա ֆիզիկական գոյության միակ հույսն ու փրկությունն այս ոստիկանական պատն է: Ինչքա՞ն կարող է նա Երեւանի համար Վանաձորից, Գյումրիից կամ Իջեւանից ոստիկանություն հավաքի բերի: Իհարկե, շարժումը չի մարում:
-Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի՞:
-Նա այլ ելք չունի, հակառակ դեպքում, ինքն իր հոգեվարքի մեջ իրեն կբացահայտի, որ դավաճան է: Նա ամեն օր այս թափից մի նոր սխալ է անում որպես ղեկավար: Իր այդ հոգեվարքի մեջ ցնցումներն ու լայվերը դրա վառ ապացույցն են: Նա ամեն օր մի նոր վկայություն տալիս է ժողովրդին:
-Իշխանությունը եւս հանրահավաքներ է հրավիրում. չե՞ք կարծում, որ սա գուցե բախումների տանի ժողովրդին:
-Չե՞ք կարծում, որ գուցե դա ամենամեծ վկայությունն է, որ ինքը ղեկավար չէ: Դրանից լավ ապացո՞ւյց է պետք: Այդ ո՞ր երկրի ղեկավարն է հանրահավաք կազմակերպում ու ասում՝ տեսեք՝ ես ղեկավար եմ: Իր ղեկավար լինելու առաջին կասկածողը հենց ինքն է, որ ինքն այդ հանրահավաքի կարիքն ունի: Ինքն ուզում է իր աչքի առաջ տեսնել՝ կա արյդոք մի քանի հազար մարդ, որ իրեն վստահում է: Դրանից լա՞վ ապացույց, որ ինքը ղեկավար չէ: Ինձ թվում է՝ ինքը մեր փոխարեն ավելի շատ է հանրությանն ապացուցում, որ այլեւս ղեկավար չէ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿՈՉ՝ ԱՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, որոնք ստիպված են եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետեւանքով լքել իրենց տները: Այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրի խախտմամբ շարունակում են անազատության մեջ պահվել: Մենք նաեւ կոչ ենք անում ԱՄՆ ողջ տարածքում գտնվող քաղաքական ու կրոնական առաջնորդներին լայնորեն ճանաչել 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը ողջունել է Կոնգրեսի 101 անդամների կողմից ստորագրված եւ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ու պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին ուղարկած նամակը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է անմիջապես զբաղվի շուրջ 50 հազար տեղահանված ընտանիքների սննդի, կեցության, պաշտպանության հարցերով: «Կոչ ենք անում նախագահ Բայդենին եւ պետքարտուղարին ուղղակիորեն գործել եւ բանակցել հանուն Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորների ու քաղաքացիական անձանց ազատ արձակման: Թեպետ հրադադարի մասին համաձայնագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, սակայն այդ երկիրը հրաժարվել է կատարել դա»,- ընդգծել է Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը՝ նշելով, որ շուրջ 200 հայեր են շարունակում մնալ գերու կարգավիճակում:
Ընդ որում, նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո: Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը դատապարտել է նաեւ եկեղեցիների եւ կրոնական այլ կոթողների ոչնչացման փաստերը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մշակութային ժառանգությունը: «Քանի որ հայերը շարունակում են տեղահանվել եւ սպանվել, մենք կոչ ենք անում նախագահին պահելու իր խոստումն ու 2021 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄԵՆԹԱՆԿ ՁԵԹԸ
Արեւածաղկի ձեթն աշխարհի ամենաթանկ ձեթն է դարձել: Եվրոպայում ձեթի գինն ամենաբարձրն է վերջին 4 տարիներին: Ձեթի գինը սկսել է բարձրանալ նախորդ տարի, երբ Ռուսաստանում եւ Ուկրաինայում արեւածաղիկի վատ բերք հավաքվեց: Չնայած ձեթի համաշխարհային գնի բարձրացմանը՝ Հայաստանում այն շաբաթը մեկ է թանկանում: Համենայնդեպս, նման կարծիք են հայտնում խանութների աշխատողները: Օրինակ՝ արեւածաղկի 0.5 լիտր ձեթի գինն այս շաբաթվա սկիզբ 550-ից դարձել է 600 դրամ, մեկ այլ ընկերության նույն տարողություն ունեցող ձեթի գինը 600 դրամից է բարձրացել՝ դառնալով 650 դրամ: Մեկ լիտրանոց ձեթը թանկացել է 100 դրամով:
Իր հերթին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել ձեթի շուկայում եւ պարզել, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող արեւածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացել են 6-16 տոկոսով: Բացի այս, հայաստանցի տնտեսվարողները Ռուսաստանից արեւածաղկի ձեթի ձեռքբերման դիմաց վճարումներն իրականացնում են դոլարով եւ ռուսական ռուբլով, իսկ վերջին ժամանակահատվածում տեղի է ունեցել հայկական դրամի արժեզրկում վերը նշված արժույթների նկատմամբ շուրջ 4 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանում արեւածաղկի բերքի նվազեցումը, արտահանվող արեւածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացումը (2019 թվականի համեմատությամբ շուրջ 4 անգամ), ռուբլու փոխարժեքի արժեզրկումը հանգեցրել են այդ երկրում ձեթի գնի բարձրացման շուրջ 26 տոկոսով։
Օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատությամբ՝ 830-845 դրամանոց արեւածաղկի 1 լիտր ձեթի միջին մանրածախ գինը այս տարվա հունվարի 11-ին բարձրացել է միջինում 14 տոկոսով՝ դառնալով 950-960 դրամ: Այժմ այն գերազանցում է 1000 դրամը:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Յուրի Բաբախանյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում: