
Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։
Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ։
Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել: