ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունից հետո, թե «Ռոբերտ Քոչարյանը որեւէ հենարան չունի, ուստի չի կարող իրեն քաղաքական գործիչ համարել», քոչարյանական թեւը որոշեց, որ ժամանակն է, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսի: zham.am-ին երեկ տված բացառիկ հարցազրույցում (որոնք, որպես կանոն, կազմակերպվում են առավելապես հարցազրույցը տվողի ցանկությամբ)  Ծառուկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու «բարոյական եւ քաղաքական իրավունքն ամբողջովին ունի»: Այսպիսով` Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, ուրվագծեց Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում ԲՀԿ-ի քաղաքական կողմնորոշման ուղղությունը: Ճիշտ է, առայժմ նա խուսափեց ուղղակիորեն նշել, թե գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն ում թեկնածությունն է պաշտպանելու,  բայց հենց դրանով էլ ավելի հիմնավոր դարձրեց այն կանխատեսումները, որ Քոչարյանի կողմից ստեղծված այս քաղաքական ուժը, ի վերջո, կծառայի իր  նպատակին` ապահովելով  Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը:  Սակայն Ծառուկյանը գոնե առայժմ չի կարող այդ մասին բացահայտ ասել, քանի որ առկա է անցած փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի»: Իսկ գործող նախագահն, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն է: Հետեւաբար` կա՛մ ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից, կա՛մ սատարի Սերժ Սարգսյանին: Հաշվի առնելով խնդրո առնչությամբ Ծառուկյանի` «այս մասին` հաջորդ դասին» պատասխանը` ԲՀԿ-ն ձգտում է հնարավորինս երկար ժամանակ ձգել` այդ ընթացքում օգտվելով Սերժ Սարգսյանի իշխանության ընձեռած բարիքներից: Բայց, հաշվի առնելով Քոչարյանի ակտիվացման վերջին դրսեւորումները, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այս իրավիճակն այլեւս երկար չի հանդուրժի: Ուստի, ըստ ամենայնի, Ծառուկյանը ստիպված կլինի կարճ առաջիկայում ընտրություն կատարել: Հավանաբար, հենց դա գիտակցելով է, որ   նույն հարցազրույցում, խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին,  Ծառուկյանն ասում է. «Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում»:  Ասել է թե` Ծառուկյանն ակնարկում է, որ կոալիցիոն  վերջին հուշագիրը ոչ թե բովանդակային, այլ մեխանիկական համախմբման արդյունք էր, որն արդեն կորցրել է իր քաղաքական պահանջարկը: Թե երբ եւ ինչպես կգա Ծառուկյանի «հաջորդ դասը», այս պահին դժվար է ստույգ ասել: Բայց որ այն սպասվածից շուտ կլինի, միանշանակ է` հաշվի առնելով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը: Ընդ որում, քաղաքական որոշակի շրջանակներում չեն բացառում անգամ այն սցենարը, որ Ծառուկյանն ընդհանրապես կարող է հրաժարվել ԲՀԿ նախագահի պաշտոնից (ինչի մասին նա արդեն ակնարկել է)` տեղը զիջելով գուցե անձամբ Ռոբերտ Քոչարյանին:




Լրահոս