«ՄԱՔՐՎԱԾ» ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր տեղում չէ, դա բազմիցս ապացուցվել է: «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց Սեւանա լճի ափով, լուսանկարեց բոլոր այն հատվածները, որոնք ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մաքրվել են: Սակայն, ինչպես անցած տարիներին, այս անգամ եւս մաքրվել ասվածը խիստ հարաբերական է:Երբ «Ժողովուրդ»-ը հարց ուղղեց ՀՀ բնապահպանության նախարարությանը` պարզելու, թե Այրիվանքի ներքեւի հատվածում, որոնք երեւում են մեր լուսանկարներում, տարածքի մաքրման աշխատանքներ երբեւէ իրականացվել են, պարզվեց, որ այո՛, լուսանկարներում մենք արձանագրել ենք հենց մաքրված լճափը: Ավելին, նախարարությունը պաշտոնապես պատասխանել է. «2011 թվականին մաքրման աշխատանքներ են իրականացվում Այրիվանքի հարեւանությամբ գտնվող տարածքներում (Նորատուսի տեղամաս): Մաքրված հատվածներում որեւէ ծառ չի մնացել ջրի մեջ»: Այսինքն` նախարարությունն իր գործը հստակ կատարել է: Բայց լճափի վիճակն ավելի քան տխուր է: Դիտելով լուսանկարները` ընթերցողները հավանաբար կհամաձայնեն մեր ձեւակերպման հետ, եթե ասենք, որ Սեւանն անտերության է մատնված: Թեեւ ստեղծված է ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հատուկ հանձնաժողով` Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ, խնդրով մեկ այլ հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակով զբաղվում է անձամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, սակայն որեւէ մեկը կոնկրետ քայլ չի անում եւ հետեւողականություն չի ցուցաբերում Սեւանի խնդրով: Նրանք միայն հայտարարություններ են անում, թե պետք է քայլեր արվեն, բայց քայլերն այդպես էլ չեն արվում կամ անտեսանելի են:«Ժողովուրդ»-ը շարունակաբար կներկայացնի Սեւանա լճի ափերը` մանրամասնելով, թե պետբյուջեից ինչքան գումար է դուրս գրվել Սեւանա լիճը մաքրելու անվան տակ, եւ ինչ աշխատանք է իրականում կատարվել: շարունակելիԹ. ԹՈՎՄԱՍՅԱՆԱյրիվանքի այս հատվածը, ըստ բնապահպանության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկության, մաքրվել է: Բայց երբ մոտեցանք լուսանկարելու, պատկերը միանգամայն այլ էր:Նկարում երեւում է, թե ինչպես են մաքրման աշխատանքներ կատարողները կտրել հաստաբուն ծառերը, տարել դրանք, իսկ ծառի անպիտան մասերը մնացել են «դեպքի վայրում»: Դե իհարկե, ծառերը կարելի է վաճառել ու եկամուտ ստանալ, իսկ ճյուղերն անպիտան են, ուրեմն կարող են մնալ ջրի մեջ: Լճի «հերն էլ անիծած»:Այս հատվածում եւս նախարարությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել: Բայց անզեն աչքով նկատվում է, որ մանր եղեգները, ծառերն ու թփերը շարունակում են մնալ լճափին` ջրի մեջ` աղտոտելով Սեւանա լիճը: Սակայն նախարար Արամ Հարությունյանի թղթերով` Սեւանա լճի ափը մաքրվել է, գումարն էլ` ծախսվել:Այս հատվածը եւս Սեւանա լիճն է, ոչ թե սովորական ճահիճ: Հարակից տարածքի բնակիչներից տեղեկացանք, որ արդեն մի քանի անգամ տարբեր մարդիկ իրենց մեքենաներով սուզվել են ճահճի մեջ: Նույնիսկ տրակտորն այնտեղից դուրս բերելու համար մի քանի օր է անհրաժեշտ եղել:Նկատենք, որ նախարարությունն ափը մաքրելիս նույնիսկ ծառերն ամբողջությամբ չի մաքրել, ինչը պարտավոր էր անել: Հստակ երեւում է, որ հաստաբուն ծառը «պառկած» է ափին:




Լրահոս