ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՅԺՄ ԱՍԱՑ «ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկուսուկես ժամ ՀԱԿ-իշխանություն երկխոսության աշխատանքային խմբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (Դավիթ Հարությունյանի` Ստրասբուրգում գտնվելու պատճառով) Գագիկ Մինասյանի աշխատասենյակում «խորհրդակցելուց» հետո կոալիցիան ՀԱԿ-ին ասաց` «չէ»: Չնայած ողջ օրը պաշտոնական եւ որ ավելի կարեւոր է` ոչ պաշտոնական զրույցներում կոալիցիան լրագրողներին հասկացնել էր տալիս, որ ասելու են «հա»: «Չենք կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինակ գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»,-ահա այսպիսի հիմնավորմամբ կոալիցիան երեկ կես էջանոց հայտարարություն ընդունեց ու մերժեց ՀԱԿ-ի` երկխոսությունը վերսկսելու առաջարկը: Կոալիցիոն խմբի անդամներն անում էին ամեն ինչ` տպավորություն ստեղծելու համար, որ որոշումն ընդունվում է հենց այդ դռների հետեւում, այսինքն` թելադրված չէ Բաղրամյան 26-ից:  Այս սցենարի մեջ էր մտնում փակ դռների հետեւում անհամբեր սպասող լրագրողներին ժամանակ առ ժամանակ Մինասյանի ընդունարանից դուրս հրավիրելը. տպագրվում էր հայտարարության տեքստը, որը հետո փակ դռների հետեւում «վերախմբագրվեց»: Ինչպես Ստանիսլավսկին կասեր` «հավատում եմ»: «Ներսուդուրսների» ընթացքում կոալիցիոն աշխատանքային խմբի անդամներն ապահովել էին նաեւ իրենց աշխատանքային արտաքինը: Մհեր Շահգելդյանը հանել էր կոստյումը, միայն վերնաշապիկով էր, Խաչիկ Հարությունյանը տեղափոխվել էր այլ աթոռի, իսկ նիստից առաջ երկխոսության ճակատագրին նվիրված  խորհրդակցության համար  հատուկ բերված «բոմբոներկան» էլ հիմնավորապես «ջախջախված» էր:Ամեն դեպքում հայտարարության տարածումից հետո կոալիցիոն աշխատանքային խմբի համատեղ ասուլիսում Գ.Մինասյանը, Մ.Շահգելդյանը, Խ.Հարությունյանը եւ Վ.Բոստանջյանն ակնհայտ խուսափողական պատասխան տվեցին «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, խորհրդակցել են աշխատանքային խմբի` Ստրասբուրգում գտնվող ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: «Մենք խորհրդակցել ենք բազմաթիվ մարդկանց հետ այն բանից հետո, երբ վիժեցվեց գործընթացը, եւ կան ձեւավորած կարծիքներ»,-ասացին նրանք:Շուրջօրյա հանրահավաքի դադարեցման պահանջը պետք է դիտել որպես նախապայմա՞ն: Լրագրողի այս հարցին ՀՀԿ-ից Մինասյանն ասաց` այո՛: Նա հավելեց, որ հանրահավաքի օրինականության կամ ոչ օրինականության վերաբերյալ մեկնաբանություններում իրենք ավելի հակված են հավատալու ոստիկաններին, այլ ոչ Նիկոլ Փաշինյանի բացատրություններին, թե ինքնաբուխ է:  Հարցին, թե այդ դեպքում ինչն էին այդքան երկար քննարկում, Գ.Մինասյանը համեստորեն պատասխանեց` «այս տեքստը», իսկ աշխատանքային խմբի անդամներից մեկը ոչ պաշտոնական զրույցում անկեղծացավ, թե այդքան երկար աշխատում էին տեքստի` ձեւակերպումների եւ բառերի վրա, որ վիրավորական չլինեն: Նկատենք, որ պատահական չէր կոալիցիայի կողմից ընտրված երեկոյան ժամը 18-ը: Ըստ երեւույթին, նախ ծանոթացան նույն ժամին Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին, բացի այդ, հանրության ուշադրությունն Ազատության հրապարակից  մի պահ տեղափոխեցին Բաղրամյան 18:Հ.Գ. ՀԱԿ-ից երեկ չմեկնաբանեցին կոալիցիայի որոշումը` խոստանալով, որ այսօր հայտարարությամբ հանդես կգան:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս