ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ հց-30հԾ-ԵՐԻ ՀՐԹԻՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե ինչու ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ձեռք բերել հց-30հԾ-ների հրթիռները, ինչու չեն կարողացել այդ անել նաեւ պատերազմի 44 օրերի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին պարզաբանեց՝ հրթիռների ձեռքբերումը դիտարկվել է որպես ավելի երկարաժամկետ գործընթաց։

 

«Երբ որ ՍՈւ-երը առվել են, դա դիտարկվել է երկար ժամանակի գործընթաց, այսինքն՝ զինամթերքը եւ մնացած կարողությունները ՍՈւ-երի մասով ձեռք բերվելու, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քանց պատերազմն էր սկսել։ Եվ խնդիրները զուտ դրա մեջ էին։ Որեւիցե այլ խնդիր ՍՈւ-երի հետ կապված մենք չենք ունեցել», – ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Երեկ Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց նախորդ շաբաթ օրը Օհանավանում արած իր հայտարարությունը, թե հց-30հԾ-ները ձեռք են բերվել 2020 թվականի մայիսին, եւ կառավարությունը պարզապես չի հասցրել գնել կործանիչների հրթիռները, թեեւ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին վարչապետի մամուլի ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրեցին, որ հայկական Զինված ուժերը համալրվել են հց-30հԾ բազմաֆունկցիոնալ կործանիչներով։

«Ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են, բայց այդ զենքն ունի իր ամբողջության մեջ իր հրթիռներով եւ սարքավորումներով, եւ կարծում եմ` ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիայի հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն` նույն տեղում չի արտադրվում, եւ, հետեւաբար, դրանք ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական տարբեր սուբյեկտներից: հց-30հԾ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, եւ, այո, իրականացրել վարժական թռիչքներ եւ օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանում արդեն իսկ Հայաստանի զինանոցում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ ըստ այդմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները: Եվ այն, ինչ որ ասել եմ Օհանավան գյուղում, եւ այն, ինչ որ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները, էլի եմ ասում, մեկը մյուսին չեն հակասում. ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները` հրթիռները, որոնք հնարավորություն կտային հց-30հԾ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ եւ հզորությամբ», – ասաց Փաշինյանը:

Այս երկու հայտարարությունների մեջ հակասություն կար նաեւ ժամկետների առումով, որոնց, սակայն, Փաշինյանը չանդրադարձավ։ Բայց քանի որ հարցը հնչեցնող Ալեն Սիմոնյանի համար ամեն ինչ պարզ էր, նա չօգտվեց արձագանքի հնարավորությունից։

«Ինձ համար, համենայնդեպս, պարզ է ամեն ինչ», – ասաց Սիմոնյանը:

Կործանիչների մասին վարչապետին հարց ուներ նաեւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը, բայց առաջին անգամը չէ, որ Սամսոնյանի՝ վարչապետին ուղղած հարցին պատասխանում են փոխվարչապետերը։ Այս անգամ ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը:

«Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել եւ հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ», – հարցրեց պատգամավորը:

հց-30հԾ ինքնաթիռների վերաբերյալ ամբողջական պատասխանը հնչեց, եւ այդ մասով ուղղակի ավելացնելու բան չկա», – պատասխանեց Ավինյանը:

Սամսոնյանն արձագանքեց. «Պարո՛ն Ավինյան, ես Ձեզ հասկանում եմ, ծանրագույն բեռ է այլոց ստերի համար երբեմն պատասխան տալ, ինչը Դուք հիմա փորձում եք անել»:

Ն.Հ.

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 113 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներ: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչեւ 63 տարեկանը: ԼՀԿ-ն, սակայն, պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը:

 

 

ՀԱՐԹ ՉԷ

Իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, ամեն ինչ հարթ չէ այդ առնչությամբ։ Այս մասին ասել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Իշխանության ներսում մարդիկ կան, որոնք սկզբունքորեն անհամաձայնություն ունեն ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով։ Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետեւել միջազգային գործընկերների «պահանջներին», որոնց մինչեւ այսօր հետեւել ենք։ Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարեւորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան»,- ասել է պատգամավորը։ Ըստ Թ. Թովմասյանի՝ իշխանությունները բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել:

 

 

ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒ

Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել: Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, որը նաեւ նախագծի համահիմնադիր էր: «Որոշումն ընդունվեց ԱԺ-ում: Նիստին 31 պատգամավոր էր ներկա, երկուսը չեն քվեարկել, երկուսը ձեռնպահ են քվեարկել, իսկ 27 պատգամավոր կողմ է քվեարկել: Քվեարկությանը չմասնակցող պատգամավորներից մեկն Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր է, որը նախկինում նախագծի համահիմնադիր էր եւ  համահիմնադիր լինելուց է հրաժարվել եւ չի քվեարկել: Չքվեարկած մյուս պատգամավորը «Արցախի ժողովրդավար կուսակցությունից» է, նաեւ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել»,- մանրամասնել է նա:

 

 

ԱՆՎՏԱ՞ՆԳ Է ՉԻՆԱԿԱՆԸ

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մտադիր է այս տարի լուրջ ստուգումներ իրականացնել կոսմետիկայի, խաղալիքների եւ ցեմենտի ոլորտում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

«Մինչ այս գնում էինք կոսմետիկայի ցանկացած խանութ, վերցնում էինք կոսմետիկան եւ հարցնում՝ ունե՞ն համապատասխան փաստաթուղթ, անվտանգության երաշխիք, թե՞ ոչ: Եթե ունենում էին, շատ լավ, եթե չէին ունենում, ապա կարգադրագիր էինք տալիս, եւ տնտեսվարողը գնում էր դիմում հավատարմագրված որեւիցե լաբորատորիա, սերտիֆիկատը ձեռք էր բերում ու շարունակում վաճառքը, եթե հնարավորություն չէր ունենում ձեռք բերելու, այսինքն՝ չէր համապատասխանում չափանիշներին, վաճառք չէր իրականացնում: Այս տարվանից մենք որոշել ենք այլ կերպ անել. անկախ նրանից՝ տնտեսվարողն ունի սերտիֆիկատ, թե ոչ, մենք իրավասություն ունենք գնել ցանկացած կոսմետիկա, տանել այլ լաբորատորիա ու ստուգել: Միաժամանակ հասկանանք նաեւ՝ տվյալ լաբորատորիայի տված փաստաթուղթը համապատասխանում է, թե ոչ: Այսինքն՝ այս տարվանից թե՛ կոսմետիկան, թե՛ խաղալիքը, թե՛ ցեմենտը բավականին մեծ փոփոխությունների ենք նախապատրաստվում ավելի անվտանգ դարձնելու ամեն ինչը»,- պարզաբանեց Կոտոլյանը:

Բայց, չնայած սրան, շատերը մտահոգվում են՝ չինական արտադրության կոսմետիկան արդյոք անվտանգ է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ Արմեն Կոտոլյանն արձագանքեց. «Սահմանային վերահսկողություն չունենք, բայց վաճառքի ընթացքում մենք իրավասություն ունենք գնալ վերցնել, եւ եթե տնտեսվարողը վաճառում է առանց համապատասխանության փաստաթղթի, ստիպել, որ ձեռք բերեն այդ փաստաթուղթը կամ հանեն վաճառքից»:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Երեկ՝ պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարեւորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։

 




Լրահոս