1996-ԻՆ ՍԵՐԺԻԿՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներն անցնում են ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում: Երեկվա հանրահավաքը նախորդներից տարբերվում էր իր բնույթով. այն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիս-հանրահավաքն էր. Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների ու լրագրողների գրավոր հարցերի թիվն անցնում էր 500-ից: Տեր-Պետրոսյանը հասցրեց պատասխանել դրանց 7 տոկոսին: Պատասխաններն ուղեկցվում էին հանրահավաքի մասնակիցների ծափահարություններով ու վանկարկումներով:Առաջին հարցը վերաբերում էր 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձություններին ու դրանց նմանությանը 2008թ. մարտի 1-ի հետ. «96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկե՛ք իմ հետեւից: 20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որեւէ լիազորություն չունեին եւ ենթարկվում էին նրան: Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առեւանգել եւ Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, եւ մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որեւէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի 1-ին կան 10 սպանված, 100-ավոր վիրավորներ»: Հարցին՝ «Ճի՞շտ է, որ տեղյակ չեք եղել Շուշիի ազատագրումից», Տեր-Պետրոսյանը նշեց. «Եթե Ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ դրանց նման կուրծք ծեծողը չեմ, որ Ղարաբաղն եմ ազատագրել: Թող ասեն, թե ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից, Քելբաջարի, Լաչինի ազատագրումից, թող ասեն: Դա չէ կարեւորը: Ինձ համար կարեւորն այն է, որ Շուշին ազատագրված է»: «Եթե ի սկզբանե հայտնի է եղել, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնի ցանկալի արդյունքի, եւ պետք է ժողովրդական ճնշում, ապա ինչո՞ւ են ուզում շարունակել երկխոսությունը» հարցին ասաց. «Ի սկզբանե պարզ է` մենք էլ, իշխանությունն էլ գիտենք, որ երկրում առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Իհարկե, մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե մենք քաղաքական գործոն չլինեինք, ուժ չլինեինք, ոչ ոք մեզ հետ հաշվի չէր նստի: Եթե մեր թիկունքում ժողովրդի ճնշումը չլինի, որեւէ մեկը մեզ հետ հաշվի չի նստի, մենք ուժ ենք ներկայացնում միայն ձեզանով, առանց ձեզ մենք ոչինչ ենք»: Տնտեսության մոնոպոլ վիճակի ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին նա ասաց. «Եթե որեւէ մի հիմնարկի ղեկավարը կաշառք չի վերցնում, կոռուպցիան միանգամից 50%-ով վերանում է, եթե բաժնի պետերից մեկն էլ չի վերցնում, կրկին 50%-ով վերանում է: Եթե դա պահպանվի, կոռուպցիան կարող է վերանալ: Բայց կա կոռուպցիա էլ, կոռուպցիա էլ: ՀՀ-ում որեւէ պաշտոնյա չի կարող աշխատել, եթե կոռումպացված չէ: ԱԺ կեսը ձեռնարկատերեր են, որ ընդունեն այնպիսի օրենքներ, որ ծառայեն իրենց շահերին: Վերցրե՛ք ԱԺ-ից այդ 76 պատգամավորներին, որ վերանա կոռուպցիան: Միայն այս համակարգված կոռուպցիայի պատճառով ես չեմ նախանձում հաջորդ իշխանությանը, դա վերացնելու համար ժամանակ է պետք: Բայց եթե ճիշտ կադրեր ընտրվեն՝ հնարավոր է: Կոռուպցիան այսպես համատարած լինում է այն պարագայում, երբ իշխանությունը չունի հակակաշիռ, որեւէ մեկը չկա` նրա ձեռքը բռնի, չկա ազատ մամուլ, իսկ մի քանի թերթերը խնդրի լուծում չեն: Չի կարող լինել իրավական, ոչ կոռումպացված պետություն, եթե օրենսդիր իշխանությունն առանձնացված չէ գործադիրից: Օրենսդիրը պետք է լինի գործադիրի մրցակիցը: Երրորդ՝ անկախ դատարան, այսպիսի բարձիթողի վիճակ, այսպիսի կախվածություն գործադիր իշխանությունից խորհրդային ամենադաժան տարիներին չեն եղել: Սրանք ցեղախմբերի դատարաններին նման դատարաններ են: Դրանք բոլորը գործում են ցեղապետի, իսկ ցեղապետը գիտեք` ով է, մահակի տակ»: ՌԴ-ում Մեդվեդեւ-Պուտին վերադասավորումների ու ՀՀ վրա դրանց ազդեցության մասին. «Այս օրերին խոսակցություններ են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը Պուտինի մարդն է, եւ վերջինիս իշխանության գալով` Սերժ Սարգսյանը կվերջանա, ու կսկսվի Քոչարյանի դարաշրջանը: Մենք էլ լուսնի վրա չենք ապրում, մենք էլ Մոսկվայում աղբյուրներ ունենք ու շատ լավ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան հենարանները փուչ են: 3 տարի շարունակ երրորդական պաշտոնյաների դռներ է չափչփում եւ հաջողության չի հասնում: Դա այն փուչ առասպելն է, որն ինքը հնարել է ու գալիս է Երեւան, պատմում այս օլիգարխներին: Այնքան է ասում, որ արդեն ինքն էլ է սկսում հավատալ իր ստերին»: «Սարկոզիի Երեւան այցելության ժամանակ կշարունակվե՞ն նստացույցերը» հարցին հետեւյալ պատասխանը հնչեց. «Ես կարծում եմ, որ եթե Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցելության ժամանակ ցույցերը ոչ միայն շարունակվեն, այլ ավելանան, ապա ես կուրախանամ` դա համարելով ֆրանսիական մեծ հեղափոխության դրական հետեւանքներից մեկը»:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս