ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ ԿԱՄԱՑ ԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում գրել էր, որ ամիսներ առաջ հայոց բանակում զինվորների մահացության դեպքերի առնչությամբ միայն հոդվածներ են առաջադրվում, իսկ հետագայում այդ գործերին ընթացք չի տրվում, ինչի պատճառով մահացած զինվորների ծնողները «շտապում» են Կառավարության շենքի դիմաց` խնդրելով բացահայտել իրականում կատարվածը:Այս տարի՝ օգոստոսի 19-ին, ՀՀ զինված ուժերի Գորիսի N զորամասի ժամկետային զինծառայող 20-ամյա Վարդան Ալբերտի Սեւյանը (Ճամբարակի զինկոմիսարիատ) զինված ուժերում մահացավ: Ըստ նախնական տվյալների` ինքն իրեն հասցրել էր հրազենային մահացու վիրավորում: Միանգամից հայտարարվեց, որ Վարդանը, լսելով, թե իր սիրած աղջիկն ամուսնացել է, ինքնասպան է եղել: Պաշտոնական տեղեկատվություն հաղորդվեց, որ Վարդան Սեւյանի մահը եղել է ճամբարային հավաքի ժամանակ. զինվորն ինքնասպան է եղել վրանում: Դեպքի ժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրի, վրանում որեւէ այլ զինվոր չի եղել, եւ հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ, որոնք մոտ են եղել վրանին: Սակայն 20-ամյա Վարդանի մայրը` Սուսաննա Սեւյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, եւ Վարդանը սիրած աղջիկ չի ունեցել. «Ինքն ասում էր՝ գնամ-գամ, մա՛մ ջան, որ սկսեմ աշխատելը, տները սարքեմ մի քիչ»: Մեր զրուցակիցը նշեց, որ երբ Վարդանը արձակուրդ էր եկել, ինքը հարցրել է տղային, թե արդյոք սիրած աղջիկ ունի. «Ասաց` մա՛մ ջան, ի՞նչ աղջիկ, ի՞նչ բան, ես էնքան պլաններ ունեմ, աղջկա վա՞խտ ա, դրա մասին չեմ էլ մտածում»:Վարդանի հայրը` Ալբերտ Սեւյանը, եւս մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, եւ իրենք պահանջում են բացահայտել իրական մեղավորներին: Իսկ տիկին Սուսաննան նկատեց, որ իր որդու վզի ձախ կողմից հրազենային վնասվածք կա. «Ինքն իրան չէր կարա ձախից կրակեր, եթե ինքնասպան լիներ, ուրեմն աջ կողմում վնասվածքը պիտի լիներ»: Նա նաեւ ասաց, թե ինչպես են Վարդանին բերել. «Թեւերը բինտով կապած էր, վիզը կտրած էր, անշնորհք ձեւի կարած էր, ականջների կողքերն էլ կարած էին»: Իսկ ԼՂՀ Ասկերանի N զորամասերից մեկում` մարտական հենակետերում, այս տարի մահացած  19-ամյա Հայկ Մկրտչյանի մահվան առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ սեպտեմբերի 7-ին` արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայողը` Հայկ Մկրտչյանը: Նա մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Պն քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկանալ, թե ինչ ընթացքի մեջ են գտնվում նշված երկու գործերը: Մամլո խոսնակն ասաց, որ Վարդան Սեւյանի մահվան առնչությամբ 110 հոդվածի 1-ին մասով գործ է հարուցվել` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն ձերբակալվածներ չկան,  նախաքննությունը շարունակվում է:Իսկ Հայկ Մկրտչյանի գործով Մերի Սարգսյանը նշեց, որ սկզբում առաջադրվել էր հոդված` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի կանոնների խախտում: Իսկ հետագայում ձերբակալվել է Լենդրուշ Նազլուխանյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նախաքննությունը դարձյալ շարունակվում է:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս