ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջո «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ. ադրբեջանական կողմը փոխեց խաղաքարտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ականազերծման ծառայությունը հայտարարել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքում ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների մնացորդներ, որոնց սերիական համարները (9M723) հաստատում են, որ դրանք «Իսկանդեր» համալիրի հրթիռներ են եղել։

«Անգամ ինտերնետի բաց աղբյուրներում փնտրելիս կարելի է համոզվել, որ 9M723 նույնականացման համարով հրթիռները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին»,-հայտարարել է Ադրբեջանի ականազերծման ծառայության (ANAMA) ներկայացուցիչը։

Այստեղ հետաքրքիր է, որ Մոսկվան հայտարարել էր, թե վերջին պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել: Իսկ  Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։

Մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ դրանք ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաև «Իսկանդերի» հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում։ Այդ հայտարարությունից օրեր անց էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւս կրկնել էր ռուսական կողմի հայտարարությունը եւ պնդել, որ չեն արձանագրել որևէ փաստ, որ Հայաստանը պատերազմում «Իսկանդեր» է կիրառել։

Նկատենք, որ ռուսական արտադրության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգը արցախյան վերջին պատերազմում կիրառելու մասին առաջին անգամ ակնարկել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Ընդ որում, այդ հայտարարությունը նա կրկնեց նաեւ երկրորդ ասուլիսի ժամանակ:

Իսկ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին խոսել էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում առկա են «Իսկանդեր» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռներ: Դրանք կրում են 480 կգ զանգվածով մարտագլխիկներ և ունեն 280 կմ հեռահարություն: Կախված մարտագլխիկի տեսակից՝ «Իսկանդերի» բեկորները կարող են մահաբեր լինել պայթյունից ընդհուպ մինչև 200 մետր հեռավորության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս