ԱՌԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ից սկսած` Գյումրու բնակիչներն ահազանգում են այն մասին, որ  Գյումրու ավտոկայարանից Գյումրի-Երեւան երթուղային տաքսիները կանոնավոր չեն աշխատում: Ուշագրավն այն է, որ արդեն մի քանի օր շարունակ, երբ ահազանգերից հետո լրագրողները մեկնում են ավտոկայարան, մի քանի րոպե անց անմիջապես երթուղային են կանգնեցնում կայարանում: «Բանտի մեջ չենք ապրի: Ազատ երկիր է, թող թողան` մարդիկ ազատ էրթան-գան: Ով որ միտինգ կերտա, էրթա, ով իրա գործերով` Աստված հետները»,-դժգոհում էր իր ուսանող աղջկան Երեւան ճանապարհող Սարգիս Անտոնյանը: Քաղաքացիներից մեկն էլ զայրացած հավելեց. «Ազատ, անկախ Հայաստան ուզեցինք, որ էսպես ճնշված ապրեի՞նք: Ապրել ենք էն տարիներին  ու ավելի գոհ ենք: Ամեն ինչ ավելի կազմակերպված էր, քան հիմա: Մնացել են երկու ջուխտ մի կենտ, սաղ գնացին»: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո երթուղայինը ժամանեց, բայց, իհարկե, ոչ բոլոր սպասողները կարողացան տեղավորվել: Ուշացումը պատճառաբանեցին նրանով, թե իբր մեքենան  Երեւանից է հասել Գյումրի: Փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ  Մարտուն Գրիգորյանից` հասկանալու համար, թե ինչ հիմնավորմամբ է «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն հենց հանրահավաքների շրջանում խախտում աշխատանքային ռեժիմը: Վերջինիս մամլո խոսնակ Աղասի Աբրահամյանը փոխանցեց, որ ավտոկայարանի վերաբերյալ հարցերին իրենք պատասխանել չեն ցանկանում, որովհետեւ ավելի իրազեկ մարդիկ կան` ի դեմս  ավտոկայարանի աշխատակիցների:  Պատասխանատվությունը բարդվեց շարքային երթակարգավար Գագիկ Ավետիսյանի վրա, ով, իհարկե, համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո միայն համաձայնեց խոսել թեմայի շուրջ:  Գագիկ Ավետիսյանին հարցրինք, թե մտավախություն չունեն արդյոք, որ Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող «Տրանս ակնթարթ»-ը զրկվի արտոնագրից, քանի որ քաղաքացիները պարբերաբար դժգոհում են ընկերության գործունեությունից: «Չէ՛, ինչի՞ պիտի զրկվենք: Ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք էսպես ենք աշխատում, որովհետեւ պիկ օրեր են, ուղեւորները շատ են, եւ չենք հասցնում,-պատասխանեց Գ.Ավետիսյանը: Երթակարգավարն այլ ուշագրավ հայտարարություններ էլ արեց, թե առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ ժամը 13:00-ն Գյումրիից Երեւան է գնացել 16 միկրոավտոբուս, եւ դեռ մի այդքան էլ շաժվելու են Երեւան: Նրան տեղեկացրինք, որ սպասել ենք մեկ ժամ շարունակ եւ տարածքով ընդամենը մեկ միկրոավտոբուս է գնացել: Ուստի խնդրեցինք ցույց տալ համապատասխան  չվացուցակը, հիմնավորել ասվածը`  որ ժամին որ համարի երթուղայինն  է շարժվել ավտոկայարանից: Նա դարձավ ավելի ագրեսիվ. «Դուք միլիցա՞ եք, ի՞նչ եք: Չե՞ք հավատում ինձ: Չվացուցակ չկա, չվացուցակով հնարավոր չէ աշխատել հիմա: Համ էլ ես պարտավոր չեմ դրանք ձեզ ցույց տամ»: Նկատենք, որ առանց չվացուցակի աշխատել պարզապես արգելվում է:Կապի եւ տրանսպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից  փոխանցեցին, որ բնակիչներն իրենց եւս ահազանգել են, տեղյակ են, թե ինչ է կատարվում Գյումրիում: Հարցին, թե որ դեպքում են ընկերությանը զրկում արտոնագրից, նախարարությունից պատասխանեցին. «Պայմանագրում առկա կետերը շատ են, բայց պատճառ կարող է հանդիսանալ նաեւ մեքենաների ոչ կանոնավոր աշխատանքը»: Չբացառեցին նաեւ, որ առաջիկայում կուսումնասիրեն խնդիրը:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի




Լրահոս