Հոկտեմբերի 2-ին` ժամը 18:50-ի սահմաններում, ընդհատվեց Այրում քաղաքի էլեկտրամատակարարումը: Այդ պահին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման տանող ճանապարհի 82-րդ կիլոմետրին` Այրում քաղաքի մոտ, սարի փլուզում էր եղել: Սողանքի պահին այդ հատվածում մեքենաների կուտակում կար, քանի որ սեպտեմբերի 28-ին այդտեղ ձորն ընկած «Վոլվո»-ի բեռը` վագոն-կոնտեյները, հատուկ տեխնիկայի օգնությամբ հանում էին ձորից: Եթե 4-5 օրվա ընթացքում նշված կոնտեյները հանվեր ձորից, սողանքի ժամանակ այդ տեղանքում մեքենաների նման կուտակում եւ տարերքից այդքան վնաս չէր լինի: Սողանքից մոտ 25 րոպե հետո «Ժողովուրդ»-ն այնտեղ էր: Մարդիկ շփոթված էին, որեւէ մեկն ի վիճակի չէր շարունակվող սողքի պայմաններում որեւէ փրկարարական աշխատանք իրականացնել: Տարերքի գոտին մեծ էր` մոտ 250 մ երկայնքով. վերեւից հսկայական սար էր շուռ եկել: Հավելենք, որ դրանից երկու օր առաջ` սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը նույն տեղում ավելի փոքր ծավալի փլուզում էր եղել, մոտ 30 մ բարձրությունից շուրջ 3000 խորանարդ մետր հողի եւ քարի զանգված էր թափվել, շրջվել էին էլեկտրական հենասյուներ: Տեղացիներն ասում են, որ նախկինում այս գոտում սողանքային երեւույթներ չեն նկատվել: Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15-ի դրությամբ, դեռեւս հողի տակից մեքենաներ դուրս չեն բերվել: Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Էդիկ Խաչիկյանը հայտնեց, որ սողանքի գոտուց հողի հեռացման աշխատանքներ են կատարվում: Նոյեմբերյանի «Լեոն երկրորդ» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները եւս գտնվում էին դեպքի վայրում:«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Պետրոս Դեմիրճյանի հետ: Նա ասաց, որ այդ ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է 1997-96 թվականներին Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով: «Տարիների ընթացքում հնարավոր է փոքր վերանորոգում, դա միշտ լինում է, որովհետեւ այն միջպետական ճանապարհ է, այդպես բարձիթողի չի մնում, բայց խոսքը վերաբերում է հիմնանորոգմանը, իսկ պետբյուջեի միջոցներով միշտ էլ ծրագրեր կան ճանապարհների նորոգումների համար, իսկ այդ ճանապարհին եղել է այն, ինչ արդեն ասեցի»,-նշեց պարոն Դեմիրճյանը:Մեր զրուցակիցը հավելեց, որ այդ ճանապարհը խնդիր չի ունեցել, ճանապարհի փլուզման պատճառը սողանքն է եղել. «Տավուշի մարզն ընդհանրապես սողանքային գոտի է համարվում, դա է պատճառը, որ ճանապարհը փլուզվել է, այստեղ բնությունն է մեղավոր, որ նման աղետներ է մատուցում, ամեն ինչ արվում է` գոնե հետեւանքները թեթեւ լինեն, հիմա վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է գործում, արդեն գիտեք, որ մոտ 30-35 մեքենա է այնտեղ մնացել, խցանում էդպես չի եղել, բեռնատար մեքենաներ են այդտեղ եղել, դա չէ սողանքի պատճառը»:Երեկոյան ժամին անհայտ կորածների թիվը հինգն էր` Արմեն Սորսումատյան (1973թ. ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964թ. ծնվ., Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939թ. ծնվ., Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992թ. ծնվ., Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949թ. ծնվ., Վրաստանի քաղաքացի): Նշենք, որ տուժածների ցանկում նաեւ Վրաստանի քաղաքացիներ են եղել, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են հողի տակից. բարեբախտաբար, նրանք ողջ են: Երեկ երեկոյան Տավուշի մարզ է այցելել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպեսզի տեղում ծանոթանա նախորդ օրը` հոկտեմբերի 2-ին՝ տեղի ունեցած սողանքի հետեւանքներին: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեռ շատ մեքենաներ հողի տակ են:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշլուսանկարները՝ Հերմինե Զարմանյանի
ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐ ԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ