ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Հայաստանում ժողովուրդն անկախություն ձեռք բերեց, պետական կառույցները ձեւավորման մեջ էին: Որոշ ճարպիկ ու խարդախ մարդիկ, օգտվելով առիթից, ստեղծեցին անհատական ֆինանսական հիմնարկներ, ինչպես պետական բանկերն էին: Պետությունը դրանց գործելու թույլտվություն էր տալիս` պատասխանատվություն չստանձնելով դրանց հետագա գործունեության համար: Այդ կառույցներից մեկը` ամերիկա-հայկական հորդորումով` «ԹԷՉ» (Թանկից էժանը չկա), ապահովագրական ընկերությունն էր, որը, հարյուրավոր քաղաքացիների խաբելով, աշխատում էր ավելի շատ մարդկանցից գումարներ ընդունել: Այդ խաբված մարդկանցից մեկը ես եմ` նախկինում շինարարության բանվոր, հետո գործազուրկ, այժմ 2-րդ կարգի հաշմանդամ Հրանտ Մարութի Սարգսյանս: Մայրս հիվանդ էր, ավտոմեքենաս վաճառեցի բուժման հոգսերը հոգալու համար, մի մասն էլ ի պահ տվեցի «ԹԷՉ» ԱՊԸ-ին` պայմանագրով, եթե մի բան պատահի, գումարը հետ վերցնեմ. 1994թ. էր: Մեկ տարի անց մայրս մահանում է, գնում եմ, որ գումարս ստանամ, պատճառաբանում են, թե հիմա չկա, հետո կգաս. քաշքշուկը տարիներ է տեւում: Բազմիցս դիմել ենք բարձր ատյաններին, պատասխանատու ղեկավար մարմիններին, սակայն քրեական գործ չի հարուցվել: «ԹԷՉ»-ի տնօրենը փորձված խաբեբա է` մասնագիտությամբ իրավաբան Է.Հ.Առաքելյանը, ով կարողանում էր իրավապահ մարմինների պատասխանատուների հետ լեզու գտնել, խոստումներ տալ, որ կվճարի, բայց…  4 անգամ գործ եմ հարուցել դատարաններում, որտեղ կայացրել են համապատասխան որոշում, որ գումարն անհապաղ կվերադարձնեն հայցվորին, բայց դատարանների վճիռները չկատարվեցին: Դիմել եմ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որտեղ դատավոր Կ.Ստեփանյանը կայացրել է հետեւյալ վճիռը. «Հայցը բավարարել` «ԹԷՉ» բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հ.Մ.Սարգսյանի բռնագանձել 710.000 դրամ», բայց անարդյունք: Այդ խարդախ տնօրենը միլիոնավոր շորթումներից հետո դիմել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությանը, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, կարճել «Ամերիկյան ապահովագրության» «ԹԷՉ» ՓԲ-ի նկատմամբ հարուցված բոլոր կատարողական վարույթները: Նման որոշում կայացնող ՀՀ տնտեսական դատարանի դատավոր Կ.Պետրոսյանի մտքով չանցավ, որ ուսումնասիրի նրա գործունեությունը: Մեր վերջին հույսը սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանն էր, որը դիմեց Երեւանի քաղաքացիական դատարան, բայց վճիռը մերժվեց:Պարո՛ն նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը` խաբված ավանդատուներին իրենց գումարը ետ վերադարձնելու համար: Ի վերջո, կա դատարանի վճիռ, որը պարզապես պետք է կատարել: Համոզված եմ` աչքաթող չեք անի: Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ:Հրանտ Մարութի Սարգսյանք. Երեւան, Բաշինջաղյան փող, 184 շենք, բն. 21




Լրահոս