Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեյտինգային ընտրակարգի փոխարինումն է 100% համամասնական ընտրակարգով։ Եվ, պարզվում է, միայն այս մեկ դրույթի փոփոխությունը շղթայաբար բազմաթիվ փոփոխություններ է պարտադրում։
Ընտրական կարգի փոփոխությանը դեմ է արտահայտվում հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Մասնավորապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաեւ իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ քննարկումների ժամանակ այն տեսակետն է հայտնել, որ օրենսգրքի փոփոխությունները կդժվարացնեն ընտրությունների անցկացումը, քանի որ արդեն հայտարարված են ժամկետներ, եւ որ այդ փոփոխություններից հետո ընտրությունների նախապատրաստումը, հաշվարկը, փեքրամասնությունների ներկայացվածությունը եւ այլ հարցեր պետք է վերանայվեն։ Մուկուչյանն այդ փաթեթի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել՝ հիմնավորապես բացատրելով, որ ընդունվելու պարագայում շատ դժվարություններ կառաջանան։ Բացի այդ, հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ունի հստակ սկզբունքներ. ընտրություններ չեն կարող տեղի ունենալ ընտրական օրենսգրքի փոփոխություններից 6 ամիս շուտ ժամկետում։ Բացի այդ, ԸՕ-ն պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսով։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից նրա ուղարկած առարկությունների վերաբերյալ, սակայն նա տեւական ժամանակ է՝ չի պատասխանում մեր զանգերին, իսկ, ահա, ԿԸՀ լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ այս փուլում որոշել են ձեռնպահ մնալ ընտրությունների եւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանություններից։
Վերջում հավելենք, որ իրականում Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ընտրությունների գնալ առանց ռեյտինգային ընտրակարգի։ Պարզապես խմբակցության՝ հասարակական կազմակերպություններ ներկայացնող թեւը պնդում է, որ պետք է ԸՕ-ն փոխվի, եւ լինի 100% համամասնական։ Դա է պատճառը, որ արտահերթով հարցը մտել է ԱԺ օրակարգ։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը եւ Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ: Խոսքը դատաքննության հատորների, քրեական գործին կցված ձայնագրությունների եւ այլ նյութերի մասին է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, եւ դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան: Ներկայումս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած արյունալի սպանդի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով դեռ կատարվում են համապատասխան դատավարական գործողություններ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդական ընտրություններին: Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը: Ավելին՝ տեղեկացանք, որ թեժ քննարկվում է, թե նախագահներից ով է գլխավորելու ցուցակը, քանի որ մեկ ցուցակում երկու նախագահը «ճոխություն» է. այդ հարցում դեռեւս որեւէ հստակություն չկա: Առաջիկա օրերին քառյակը պատրաստվում է այդ հարցին էլ լուծում տալ: (Կ)
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ (Կ)