ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՓՈՓԵԼ Է ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան եւ ապագան» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում Երեւանի երեք ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։ Ծրագիրը միտված էր զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաեւ թվային եւ այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական եւ վերլուծական մտածողություն, ստեղծարարություն եւ համագործակցային աշխատանք: Դասընթացներն անցկացվել էին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների միջոցով, որոնք համավարակի պայմաններում տրամադրվել էին աշակերտներին տանից աշխատելու եւ ինֆորմատիկայի ուսուցիչների առաջնորդությամբ առօրյա կյանքում կիրառելի նախագծեր մշակելու համար։

 

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին միջդպրոցական մրցույթով, որին մասնակցում էին Երեւանի թիվ 16, 170 եւ 97 ավագ դպրոցների աշակերտները։ Առցանց մրցույթի շրջանակում յուրքանչյուր թիմ ներկայացրեց Micro:bit սարքերի կիրառությամբ նախագծեր, որոնք առնչվում էին համավարակի պայմաններում համաճարակային կանոնների, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանման, ձեռքերն ախտահանելու, microbit սարքերի միջոցով վիրուսից զերծ մնալու նախազգուշացման ազդանշանների արձակման լուծումներ եւ առաջարկներ։ Ներկայացված այլ նախագծերի թվում էին սարքի օգնությամբ օրվա առաջադրանքների կատարման հավելված, ժամացույց՝ լուսային զարթութիչ, քայլեր հաշվող համակարգ, ինչպես նաեւ ռադիո ռեժիմով մի քանի սարքերի միջեւ արձագանքման ծրագիր։

Յուրաքանչյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման եւ հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը եւ Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ շահառու դպրոցների տնօրենները, ինֆորմատիկայի ուսուցիչներն ու աշակերտները։ Ժյուրիի ընտրությամբ հաղթող թիմ ճանաչվեց Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցի ներկայացրած նախագիծը։ Մրցույթի ավարտին շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր եւ մրցանակներ։ Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց.«Ուրախ ենք Բրիտանական խորհրդի եւ «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ այս շարունակակական համգործակցության համար։ «Միկրոբիթ» ծրագիրը հնարավորություն է տալիս խրախուսել սովորողների հետազոտական, ստողծագործական ունակությունները, որոնք ամբողջությամբ համադրվում են նախարարության վարած քաղաքականության եւ հանրակրթության ոլորտում մեր ձեռնարկած բարեփոխումների հետ»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության բրենդի զարգացման եւ հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշեց.«Մեր թիմի համար շատ կարեւոր է գիտակցել, որ որպես ընկերություն մենք աջակցում ենք երիտասարդների որակյալ կրթությանը, եւ այսօր տեսնելով այսքան տաղանդավոր երիտասարդների հիանալի նախագծերը՝ եւս մեկ անգամ համոզվեցինք, թե որքան կարեւոր են այս տեսակ նախագծերը»: «Ուրախ ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Վեոն Արմենիա», իսկ այնուհեեւ «Տելեկոմ Արմենիա» ընկերության ֆինասավորման շնորհիվ՝ այս պիլոտային ծրագիրն իրականություն դարձավ Երեւանում, եւ հույս ունենք, որ հետագայում այն կարող ենք ներդնել նաեւ մարզային դպրոցներում։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել շահառու դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ աշակերտների նվիրվածությունը, ովքեր, չնայած համավարակով պայմանավորված բարդություններին, ապահովեցին հաջող իրականացումն ու գերազանցեցին բոլոր սպասելիքները»,- նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։

Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ եւ անգլերենի ուսուցիչները անցել էին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր շուրջ 70 micro:bit սարք, դասավանդման եւ ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրում ներառված էր շուրջ 100 աշակերտ:

 

 

 

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԸ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլի 12-ից՝ ամեն երկուշաբթի՝ ժամը 15։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր այն դպրոցականների առջեւ, ովքեր կարեւորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցությունը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ նրանք կկարողանան լսել, տեսնել, սովորել եւ, իհարկե, վայելել դասական երաժշտություն։

Ապրիլի 12-ին կայանալիք «Դո-ից Սի» համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Մոցարտի, Կարեն Խաչատրյանի, Բախի ստեղծագործությունները:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտները եւ ուսուցիչները Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի միջոցով՝ անվճար հիմունքներով: Ծրագրի մասնակից կարելի է դառնալ՝ նաեւ ձեռք բերելով տոմսեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։

 

 

ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Մեկամյա ընդմիջումից հետո տեղի է ունեցել Հայաստանի լողի առաջնությունը: Երեւանում՝ Դավիթ Համաբարձումյանի անվան լողավազանում, մրցել են 108 մարզիկ-մարզուհի: 100մ.  ազատ լողաոճում 49,73 վայրկյանով ՀՀ ռեկորդ է սահմանել եւ միջազգային վարպետի արդյունք է ցույց տվել Արթուր Բարսեղյանը: Նույն ոճում կանանց պայքարում վարպետի արդյունքով աչքի է ընկել Վարսենիկ Մանուչարյանը. 50 մ.՝ 26, 92 վայրկյան, եւ 100 մ.՝ 58, 24 վայրկյան: Լարված մրցակցություն է ծավալվել նաեւ 50 մ., 100 մ. եւ 200 մ. բրասում: 200 մ. մրցատարածություում առաջին եռյակում դասավորված Էդվարդ Ասատրյանի /Երեւան/, Ռուբեն Հարությունյանի /Գյումրի/,Դավիթ Մարգարյանի /Երեւան/ արդյունքների տարբերություններն ընդամենը տասնորդական վայրկյաններով են. 2.29,42, 2.30,00 եւ 2.30, 52: Էդվարդ Ասատրյանը 100 մ. բրասում առաջին անգամ լրացրել է վարպետի նորմա:

Բոլոր մասնակիցներից միայն մեկը՝ Արթուր Բարսեղյանը, ունի Օլիմպիական վարկանշային Բ՝ երկրորդ կարգի արտոնագիր, որին արժանացել է դեռեւս 2019 թ.: Տոկիո մեկնելու համար հարկ է լրացնել առաջին կարգը: Նա արագ վայրկյաններ պիտի ցույց տա պաշտոնական եւ վարկանշային համապատասխան մրցաշարերում: Կարեւոր են Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, ՌԴ-ում եւ այլ երկրներում նախատեսված վարկանշային մրցաշարերը:

 

 

 

ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՄ

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի հավաքականի դեմ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում: Առաջին անգամ Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել է թիմի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայտացուցակում չեն ընդգրկվել Գեւորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը եւ Արթուր Միրանյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի: ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

 




Լրահոս