ՖՈՏՈ․ Ստեղծել եմ ոճ, որն աշխարհում գոյություն չուներ․ Eman-ը՝ հայտնի երգչուհի Զոյայի հետ համագործակցության և միլիոնավոր դիտումներ ունենալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Eman-ը, ում երաժշտական ճաշակին այսօր վստահում են հակական երգարվեստի ամենավառ ներկայացուցիչները, ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է իր ստեղծած՝ աշխարհում գոյություն չունեցող երաժշտական ոճի, հայտնիների հետ համագործակցության և գումարի դիմաց իր մասնագիտական սկզբունքներին դեմ չգնալու մասին։

«Ստեղծել եմ երաժշտական մի ոճ, որն ամբողջ աշխարհում չկա։ Ցանկանում էի անել յուրահատուկ բան, որը կլիներ հենց իմը, իմ ձեռագիրը։ Եվ այդպես, երկար մտածելուց, փորձարկումներից հետո վերջերս երկու ոճ միախառնեցի իրար և ստեղծեցի իմ սեփականը։ Հիմա փնտրտուքների մեջ եմ, փորձում եմ հասկանալ, թե մեր հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով է առավել համապատասխանում, որպեսզի հանդես գա այս ոճով։ Պետք է շատ զգույշ մոտենալ այս հարցին, քանի որ չնչին սխալ, և վերջնական արդյունքը կարող է ինձ չգոհացնել»,- մեզ հետ զրույցում նշեց երաժիշտը և շարունակեց․

«Առհասարակ, հիմա շատ դժվար է որևէ մեկին երաժշտություն վստահել՝ լինի նա մասնագետ, թե սկսնակ։ Նախևառաջ հարկավոր է երաժշտությունը կոմերցիոն դարձնել, որպեսզի այն ցանկացած տեղ և լսելի լինի, և դրանով կարողանաս գումար վաստակել, պետք է, որպեսզի երաժշտությունը հաճելի լինի ցանկացած ճաշակի տեր մարդու՝ կապ չունի նա տաքսու վարորդ է, թե գլամուրային աղջիկ»,- նշեց Eman-ը։


Իսկ այն հարցին՝ կա՞ ոճ, որը որ նա երբեք չի օգտագործի իր երաժշտության մեջ, քանի որ անճաշակ է համարում, Էմմանուելը պատասխանեց․
«Իհարկե, դա բուն 6/8-ն է, այս դեպքում նույնիսկ գումարը չի կարող դեր խաղալ։ Իմ դեպքում առավելագունը ժամանակակից 6/8 կարող է լինել, որն այժմ անվանում են ժամանակակից պարսկական 6/8, որը բոլորովին նման չէ հայկականին։ Աշխատում եմ ռաբիս որևէ բան չանել, գոնե անցումները (մելիզմները) պետք է շատ գրագետ լինեն։ Պետք է ավելացնեմ, որ ցանկացած նոր գործիքավորման առաջարկի դեպքում ես առաջին հերթին հասկանում եմ՝ այն հաջողություն կունենա, թե՝ ոչ»,- նշեց Eman-ը։


Վերջինիս խոսքով՝ ժամանակի ընթացքում, ի ուրախություն իրեն, ինքը կարողացել է շահել երգիչ-երգչուհիների վստահությունը, թեև եղել են դեպքեր, երբ իր՝ մասնագիտական կրթություն չունենալու պատճառով ճիշտ հակառակ պատկերն է եղել․

«Օրինակ, ԱՄՆ-ում շատ հայտնի հայ երգիչ, թեև դիմել էր ինձ, բայց, այնուամենայնիվ, ցանկանում էր իմ կատարած աշխատանքի մեջ որոշակի փոփոխություններ մտցնել։ Բայց ես, ձգտելով անդավաճան մնալ սկզբունքներիս, չեմ զիջում (ժպտում է)։ Ես կամ պետք է անեմ գրագետ աշխատանք՝ հեռու ռաբիսից, կամ ընդհանրապես ավելի լավ է ոչինչ չանեմ»,- շեշտեց Eman-ը։

Խոսելով իր և հայտնիների համագործակցությունների մասին՝ երաժիշտը պատմեց․
«Վերջին համագործակցություններիցս մեկը Ռաֆայել Թունյանի և լիբանանցի հայտնի երգչուհի Զոյայի հետ էր։ Հանդես գալով զուգերգով՝ նրանք հենց ինձ վստահեցին երգի գործիքավորումը։ Ասեմ, որ արդյունքից բոլորս գոհ ենք, շուտով նաև հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատական տալու տվյալ աշխատանքին։ Ինչպես նաև համագործակցեցի Ռաֆայել Երանոսյանի հետ՝ հայտնի «Ճոճանակ» երգի շրջանակներում։ Շատ ռիսկային և պատասխանատու աշխատանք էր այն ինձ համար, քանի որ արդեն ծանոթ լինելով բնօրինակին՝ ինքնըստինքյան մարդիկ համեմատականներ էին անցկացնելու և, ինչու չէ, քննադատելու։ Փորձեցի ամեն ձև իրենը պահպանել՝ ժամանակակից շունչ տալով։ Կարծում եմ՝ արդյունքը գոհացնող է, քանի որ արձագանքները, մեկնաբանությունները դրա մասին են վկայում։ Սա առաջին դեպքը չէր, երբ ես արդեն սիրված երգին նոր ժամանակակից շունչ տվեցի։ Որոշ ժամանակ առաջ համագործակցել եմ Ալիկ Հակոբյանի հետ մի նախագծի շրջանակներում, երբ արդեն իսկ շատ սիրված երգերը («Կառուսել», «Քո աչքերը, «Իմ ախպերը», «Անցիր նավակ», «Վույ աման, աման, «Շարժիր թաշկինակը») ժամանակակից ձևով մատուցեցինք, ինչից հետո հենց, կարելի է ասել, հայկական երգարվեստում շատացան նմանատիպ աշխատանքները։

Գևորգ Սիրեկանյանի հետ վերջերս համագործակցեցինք թրափ ոճի մեջ՝ ուղեկցված հայկական ելևէջներով, որպեսզի հայ հասարակության համար լսելի լինի, հակառակ դեպքում՝ լսարանը շատ քիչ կլինի։ Առհասարակ, մեր ասպարեզում գլխավոր գաղտնիքը լսարանի համար աշխատելն է։ Որքան էլ որ ես ցանկանում եմ որևէ նոր, այլընտրանքային երաժշտություն ստեղծել, միևնույնն է, միշտ կողքից դիտում եմ այդ ամենը և սառը դատում։ Երաժշտությունն անպայման պետք է ինչ-որ այցեքարտ ունենա, որով նա իր կողմը կքաշի բազամահազարանոց լսարանին։ Ցանկացած երգի մեջ, պետք է շոու լինի, որպեսզի այն չհոգնեցնի։ Օրինակ՝ Մարտին Մկրտչյանի «Դու ելել ես» երգի գործիքավորումը մեկ ամիս է տևել, իսկ վերջնական արդյունքի երգը հասել է մեկ տարի հետո։ Երգն ինքն է թելադրում, թե որքան ժամանակ ծախսվի դրա վրա։ Ինքս ինձ չգովեմ, բայց հպարտորեն կարող եմ ասել, որ մինչև այս երգիչների հետ, որոնց հետ ես աշխատել եմ, համագործակցել եմ, Youtube-ում միլիոնավոր դիտումներ են գրանցել։ Օրինակ՝ Սպիտակցի Հայկո, Ռաֆո, Անդո իրենց՝ «Լեդի Քոբուլեթի» երգով կարողացել են գրանցել 47 միլիոնից ավել դիտում, սա մասնագիտական մեծ հաջողություն է բոլորիս համար, Ռաֆայել Թունյանի և Ջուլիայի՝ «Իմ արևն ես» երգն ունի 30 միլիոն դիտում, Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի «Լավն ես» ստեղծագործությունն ունի 10 միլիոն դիտում, DJ Smoke-ի հետ միասին համագործակցել ենք Ֆելո, Միշո, Ռոլանդ Գասպարյան եռյակի հետ՝ «Հայուհի գեղեցիկ» ստեղծագործության հիման վրա, որը գրեթե կես միլիոն դիտում ունի։ Ուրախ եմ նշել՝ տարիների ընթացքում հաղթահարելով շատ դժվարություններ՝ հասել եմ այն կետին, որ այսօր ես համագործակցում եմ ամենահայտնի և հաջողված հայ արտիստների հետ՝ Սիրուշո՝ «Zoma-zoma» (remix), Գայա Արզումանյան` «Անուշս, քնքուշս», Նարեկ Մեծ Հայք, Իվետա Մուկուչյան և Ռոլանդ Գասպարյան՝ «Մեծ խաղ», Միհրան Ծառուկյան, Մարտին Մկրտչյան, Նարե Գևորգյան, Մաշա Մնջոյան և այլք»,- ասաց Eman-ը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս