Անցել է 10 օր, եւ Ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացնում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումի հիման վրա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական ոստիկանությունը դիմում է ուղարկել դատավոր Մհեր Պետրոսյանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց նաև դատավորը:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը իր ազատման դիմումը վիճարկում է դատարանում. գործը քննում է դատավոր Մհեր Պետրոսյանը, որը ավելի ուշ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ եւ հայտնել էր, որ անհանգստություն ունի: Իսկ ահա բարձրագույն դատական խորհուրդը դատավորի դիմումը ուղարկել էր Գլխավոր դատախազություն:
ArmLur.am-ը գրել էր, որ գլխավոր դատախազությունն ընթացք կտա Բարձրագույն դատական խորհրդի դիմումին դատավոր Մհեր Պետրոսյանի մասով: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ԲԴԽ-ն դատախազին հասցեագրած դիմումում գրել է, որ դատավոր Պետրոսյանը ԲԴԽ-ի հետ քննարկման ժամանակ ասել է, որ իրեն անհանգստացրել է մամուլի հրապարակումները, որ իրեն «նստեցնելու» են: Այս կապակցությամբ իրավապահները դատավորի գործով նաեւ կուսումնասիրեն մամուլի հրապարակումները՝ պարզելու համար, թե որտեղից են նրանք տեղեկություններ ստացել, որ դատավորին «կնստեցնեն»: ArmLur.am-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ԲԴԽ-ի դիմումը, հանրային կապերի բաժնից հայտնեցին.
«ԲԴԽ-ի դիմումը ՀՀ դատախազություն մեր կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու հանձնարարությամբ: Դրա արդյունքներով պայմանավորված կլինի քրեադատավարական վարույթի հարուցումը»: