Դեռևս մարտի 29-ին ArmLur.am-ը գրել էր, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի վերահսկողության տակ գտնվող շինհրապարակում (Երեւան Մոլի հետնամասում) այս պահին ձնկաբուծարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Մենք փորձել էինք պարզել, թե ով է ձկնաբուծարանի սեփականատերը, ու ինչպես է Երևանի քաղաքապետարանը թույլատրել այդ տարածքում նման շինարարություն իրականացնել:
Մեզ են ուղարկել ձկնաբուծարանի սեփականատերերը իրենց պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն,
«Armlur.am» լրատվական կայքին,
Հարգելի գործընկերներ,
Հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը Ձեր կողմից խմբագրվող օրաթերթի և լրատվական կայքի էջերում «Մետրոպոլիտենում ձկնաբուծարանի կառուցման թեմայով» բարձրացրած հարցերի և առաջացրած հետաքրքրության առումով։ Դա առիթ հանդիսացավ, որպեսզի ես, «ՍՄՕԼՏ» ՍՊԸ-ի միակ հիմնադիրս և տնօրենս ներկայացնեմ «ձնկաբուծարանի կառուցման» հետ կապված ողջ պատկերը և շղթան։
1. «ՍՄՕԼՏ» ՍՊԸ 11.06.2020 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ստացել է N000081 ջրօգտագործման թույլտվությունը՝ (ցիտում եմ) «Հրազդան գետ թափվող մետրոպոլիտենրի դրենաժային համակարգ»-ից ձնկաբուծարանի համար։
2. Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվության տրամադրելուն նախորդել է իրավական գործընթաց, որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է նաև ջրային ռեսուրսի օգտագործման տեղանքի (տարածքի) վերաբերյալ փաստաթղթերի ներկայացումը։ «ՍՄՕԼՏ» ՍՊԸ-ի կողմից դրենաժային թունելի մոտակայքում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ տարածքի սեփականատիրոջ հետ (ֆիզիկական
անձ) կնքել է երկարաժամկետ վարձակալության պայմանագիր, ինչը ստացել է նոտարական վավերացում և պետական գրանցում՝ կադաստրի մարմիններում։
3. Տարածքում շինարարական աշխատանքների նախագծման և Երևանի քաղաքապետարան ներկայացնելու արդյունքում 10.08.2020թ․ «ՍՄՕԼՏ» ՍՊԸ ստացել է N01/18-07/2-70958-685 <նախագծման թույլտվությունը>։
Կապված համավարակի և պատերազման գործողությունների հետ, շինարության թույլտվության ժամկետները որոշակիորեն հետաձգվել և ձգձգվել են։ Այժմ ընթանում է դրա իրավական գործընթացը։
Անհրաժեշտության դեպքում վերը նշված փաստաթղթերի կրկօրինակները կտրամադրվի Ձեզ՝ պահպանելով առևտրային գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները։
Հարկ եմ համարում Ձեզ տեղեկացնել, որ հավասար այլ պայմաններում նախատեսվող գործունեության տեսակը Հայաստանում եզակի է, իր նոր տեխնոլոգիաների, լոգիստիկ լուծումների, արհեստական բանականության լայնամասշտաբ կիրառման առումով։
Ստեղծվելու են նոր աշխատատեղեր։ Գործելու է ուսումնական մաս՝ ոլորտի զարգացումը ՀՀ-ում խթանելու նպատակով։
Հիմնական աշխատանքների կատարման ավարտին Ձեզ և Ձեր մասնագետներին (ըստ ցանկության) կհրավիրենք լուսաբանելու կատարվածը։
Վերոշարադրելով փաստերը, ցանկանում եմ Ձեզ խնդրել, որպեսզի «ՍՄՕԼՏ» ՍՊԸ-ի կողմից <ապօրինի ձկնաբուծարանի> կառուցման թեման համարել փակված, իսկ ինչ վերաբերում է «ՍՄՕԼՏ» ՍՊԸ-ի հիմնադիրների վերաբերյալ շրջանառվող լրատվությանը, ապա խնդրում եմ ընդունեք ի գիտություն վերոշարադրյալը։
Ամբողջական անկեղծ լինլու առումով Ձեզ տեղեկացնեմ, որ այս գործողություների պլանավորման, իրականացման, խորհրդատվական, մոնիտորինգի գործում ներդրվել են իմ, իմ ընտանիքի անդամների, ընկերների գիտելիքները, ֆինանսական միջոցները և մամուլում շրջանառվող «հիմնադիրների» վերաբերյալ տեղեկություները չեն համապատասխանում իրականությանը։
Շնորհակալություն։
Հարգանքներով՝
«ՍՄՕԼՏ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն՝ Մարիանա Սահակյան