ՖՈՏՈ. Մետրոյի ղեկավարությունը ձկնաբուծարա՞ն է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի վերահսկողության տակ գտնվող շինհրապարակում (Երեւան Մոլի հետնամասում) այս պահին ձնկաբուծարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ձկնաբուծարանի կառուցման աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթանում են ու այդ շինհրապարակը նախատեսված է մետրոյի ջրերի «թափման» համար:

Տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանն է, բայց այն գտնվում է մետրոյի «հսկողության» տակ: Ու այդ տարածքում, որտեղ ջրեր են հոսում, որոշել են ձկնաբուծարան կառուցել՝ նեղացնելով թունել տանող ճանապարհը, տարբեր փոփոխություններ կատարելով ու հարմարեցնելով տարածքը ձկնաբուծարան կառուցելու համար:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ձկնաբուծարանի կառուցման գաղափարը պատկանում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի խորհրդի նախագահ Սասուն Հայրապետյանին, որի եղբայրը այդ ոլորտում լուրջ մասնագետ է, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօերն ժ/պ Գեւորգ Ավետիսյանին: Նշենք, որ նրանք մետրոպոլիտենը «վերահսկում» են այնպես, ինչպես իրենց սիրտն է կամենում:

ArmLur.am-ի տեղեկություններով` ձկնաբուծարանի կառուցման ապօրինության հարցը բարձրաձայնելու համար որոշ ժամանակ առաջ աշխատանքից ազատել են մետրոպոլիտենի գլխավոր ինժեներին: Armlur.am-ը փորձել է այս հարցերի պատասխանները պարզել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն ժ/պ Գեւորգ Ավետիսյանից, ով մեր հարցերը խնդրել էր գրավոր ուղարկել:
Մենք փորձել էինք նախ պարզել, թե Երեւանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում ո՞վ է թույլտվություն տվել նման ձկնաբուծարան կառուցել:

Արդյոք սա ապօրինի կառույց չէ, քանի որ այնտեղ իրականացվում են այնպիսի շինարարական աշխատաքներ, որոնք կարող են վատ հետեւանքներ ունենալ մետրոյի հետագա բնականոն աշխատանքի վրա: Նաեւ փորձել էինք պարզել, թե ինչու է աշխատանքից ազատվել մետրոպոլիտենի գլխավոր ինժեները, ինչպես նաեւ հետաքրքրվել էինք ձկնաբուծարանի սեփականատիրոջ մասին շրջանառվող տեղեկությունների իսկության մասին:

Եւ այսպես, մեր գրավոր հարցերին Գեւորգ Ավետիսյանը պատասխանել է, որ «Որևէ իրավաբանական և ֆիզիկական անձ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, այդ թվում և Ձեր կողմից հիշատակված «Երևանի մետրոպոլիտենին պատկանող շինհրապարակում» որևէ շինարարական աշխատանքներ չի իրականացվում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իրավասու չէ որևէ շինություն «որակել» ապօրինի կամ ոչ ապօրինի կառույց։ ՀՀ-ում առկա են իրավասու մարմիններ, ուստի խնդրում ենք այդ հարցը հասցեագրել իրենց: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր ինժիները աշխատանքից ազատվել է համաձայն իր դիմումի, որը որևէ առընչություն չի ունեցել իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Ավետիսյանը չի հանդիսանում Ձեր կողմից հիշատակված «Ձկնաբուծարանի» համասեփականատեր։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից հիշատակված այլ անձանց վերաբերյալ տվյալներին, ապա մենք նման տեղեկատվություն չունենք»։

Իսկ ինչ վերաբերվում է ձկնաբուծարանին, ապա փաստերն ու լուսանկարներն այլ բան են ասում:

 




Լրահոս