Վերջերս «Երեւան Ջուր» ՓԲԸ պայմանագրի կառավարման եւ իրավաբանական տնօրեն Արտակ Մալխասյանը հայտարարեց դանիական «Ռամբոլ» միջազգային խորհրդատվական ընկերության տեխնիկական աուդիտի արդյունքները, իսկ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները «Ժողովուրդ»-ի միջոցով այլ փաստեր են ներկայացնում:Ըստ «Ռամբոլ» միջազգային խորհրդատվական ընկերության` իրենց գործունեության 5-րդ տարվա ընթացքում ջրամատակարարումը պայմանագրով նախատեսված 82.5%-ի (19.8 ժամ) փոխարեն կազմել է 88.6% (21.26 ժամ): Ինչ վերաբերում է ջրի մանրէաբանական որակին, ապա այն համապատասխանել է պահանջներին ոչ միայն Երեւանում, այլեւ սպասարկման տարածքի գյուղերում: Շեղումը կազմել է 0.5%, ինչը թույլատրելիից 10 անգամ պակաս է: Սա վերը նշված ընկերության ներկայացրած արդյունքներն են, ինչը, ըստ նախկին աշխատակիցների, իրականությանը չի համապատասխանում:Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցից աշխատանքից ազատել էին 40 մարդու: Վերջիններս աշխատել են այդ կազմակերպության ջրային հաշվեկշռի համակարգման ու վերահսկողության տնօրինությունում, որը պատասխանատու է վթարների վերացման եւ ապօրինի ջրօգտագործումների հսկողության համար: Ընդ որում, աշխատակիցներին աշխատանքից հեռացրել են` առանց նախապես զգուշացնելու: Այժմ գործը գտնվում է դատարանում:«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցի նախկին աշխատակիցները պատմեցին, որ դատական գործընթացին համընթաց` ի հայտ են գալիս նորանոր նյութեր եւ փաստաթղթեր: «Կրկին անգամ ապացուցվում է, որ մեր նկատմամբ հաշվեհարդար է կատարվել, եւ «Երեւան Ջուր»-ի որոշ պաշտոնյաներ անձեռնմխելի են, եւ նրանց անգամ օրենքի «ձեռքը չի հասնում»»,-նշեցին նախկին աշխատակիցները:Ըստ մեր զրուցակիցների` Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը դեռեւս 2010 թվականին իրենց գրություն է ուղարկել եւ նշել, որ տնօրինության կողմից իրականացվող աշխատանքներում ակնհայտ դրական արդյունքներ կան, միաժամանակ առաջարկել է ներկայացնել այն աշխատակիցների անունները, որոնք, ըստ արձանագրված խախտումների, թերացել են իրենց աշխատանքի մեջ. «Բայց, պատկերացնո՞ւմ եք, ոչ մի անուն, ոչ մի պատժված մարդ» :«Երեւան Ջուր» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պնդում են, որ փաստացի խախտումներ են իրականացվել այժմյան տնօրինության կողմից, որի վերաբերյալ ոչ ոք չի խոսում. «Օրինակ՝ դեկտեմբեր ամսին իրենք ցույց են տալիս, որ մեր տնօրինության ծախսերը կազմել են 23 միլիոն 831 հազար դրամ, մենք ուզել ենք նաեւ ծախսերի բացվածքի վերաբերյալ փաստաթուղթ (նկարում), որտեղ բացվածքի դեպքում կազմել է 21 միլիոն 656 հազար դրամ, անգամ չեն կարողացել մեզ ապացուցել, որ այդքան ծախս է եղել, մենք այդ ամենն ապացուցում ենք փաստաթղթերով, եւ անգամ իրենք այդ փաստաթուղթը ներկայացրել են դատավորին»:Նշենք, որ այդ ծախսերի ու եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել են նաեւ դատարանին` դատավոր Էդիկ Ավետիսյանին: «Այդ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, քանի որ այդտեղ ներկայացված միլիոնները մենք չենք ստացել, մենք բացվածք ենք պահանջել, անգամ փաստաթղթում գրված ավել միլիոններով էլ չեն կարողանում իրենց գրած թիվը ստանալ, մենք մենակ մեկ ամսվա բացվածք ենք պահանջել, ու այդքան աբսուրդային թվեր են ի հայտ գալիս, բա որ մյուսները պահանջենք, պատկերացնո՞ւմ եք` ինչ միլիոններ են կերել, որն իբրեւ թե մեզ աշխատավարձ են տվել ու նման այլ ծախսեր են կատարել»,-ասում էին նախկին աշխատակիցները:«Իրանք անընդհատ ասում են ներքին ցանց, իբրեւ թե նկուղներում լիքը ջուր կա, որից էլ առաջանում են կորուստները, բայց այդ ցանցը 0-ի է հասնում, իրենք քաղաքապետարանի վրա են գցում, թող գան, Երեւանում 30 շենք ցույց տան, որի նկուղն ամբողջությանբ ջուր է, պատկերացնո՞ւմ եք` շենքի բնակիչներն ինչ կանեն, եթե նման բան լինի»,-վրդովված պատմում էին մեր զրուցակիցները:Անդրադառնալով «Երեւան Ջուր» ՓԲԸ պայմանագրի կառավարման եւ իրավաբանական տնօրեն Արտակ Մալխասյանի այն հայտարարությանը, թե ընդամենը 21 բողոք կա, նախկին աշխատակիցները նշեցին. «Մենակ 35 հայց մերն է, որը հիմա դատարանում է գտնվում, ասում են` 22 ժամ ջրամատակարարում կա, նման բան չկա, հիմա նոր կարող է լինի եղանակի պատճառով»:Ջրային հաշվեկշռի համակարգման ու վերահսկողության տնօրինությունը պնդում է, որ իրենք ամեն ինչ փաստաթղթերով կարող են ապացուցել, որ իրենց հետ ոչ միայն հաշվեհարդար են տեսել, այլեւ իրենց «հաշվին» ահռելի գումարներ են յուրացրել:Այսպիսով` արձանագրվեց եւս մեկ իրողություն, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողները շահագործում են ՀՀ քաղաքացիներին, իսկ վերջիններս չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ, ՈՒՐԻՇԻ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ