Ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան` նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով եւ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռեւս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաեւ միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»,- նշել է նա։
Աննա Նաղդալյանի խոսքով՝ հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլեւ ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում եւ Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով. «Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից եւ գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ եւ անվերապահ կերպով բոլոր գերիների եւ պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը եւ հայրենադարձումը»։