ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու օպերացիան տապալվեց. քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը դատարանում արդարացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 նոյեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի այն հարցին, թե արդյո՞ք միայն իրավական կարգավորումները բավարար են քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում, հայտնել էր.

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված, ասենք օրինակ՝ կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»

Արդյունքում մի շարք անձիք հայտնվեցին իրավապահնմերի տեսադաշտում :

Քրեական հեղինակություն «Արտյոմ Կանևսկոյ» մականունով հայտնի Արտյոմ Հարությունովին ապօրինի զենքի կասկածանքով պառկեցրին ասֆալտին, որ նա էլ, ըստ էության, ականջին օղ անի եւ ապօրինի զենք պահելու մասով հարուցված քրեական գործը ուղարկել էին դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Կանեւսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով դատավարությունը դատական վիճաբանությունների փուլ էր թեւակոխել։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրել էր, որ դատախազը, միջնորդել է իր պաշտպանյալին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, չի մատնանշել մեղմացնող և ծանրացնող որեւէ հանգամանք՝ նշելով, որ այդպիսիք չկան։

Իսկ ահա փաստաբանը, միջնորդել էր արդարացնել Հարությունովին։ Նրա խոսքով Հարությունովի արարքում հանցակազմ չկա, որի մասին ինքը պատրաստվում է խոսել պաշտպանական ճառում։

Արդյունքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ հրապարակել է որոշում եւ արդարացրել է քրեական հեղինակությանը: Ասել է թե՝ ՀՀ վարչապետի՝ ասֆալտին փռելու օպերացիան դատարանում փլուզվեց, իսկ քրեական մշակույթի դեմ պայքարը մտել է ձախողման փուլ:

Քնար Մանուկյան




Լրահոս